Շերամի փողոցում այրվող արտադրամասի տարածք է ժամանել ևս 3 մարտական հաշվարկ, որի արդյունքում նրանց թիվը դեպքի վայրում հասել է 18–ի։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am—ին հայտնում են, որ հրդեհի ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ստացվում է, որ այս պահին դեպքի վայրում է 18 մարտական հաշվարկ ու հերթապահ խմբերը։

Նշենք, որ հրդեհից տուժել է մեկ քաղաքացի, որին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, նա չի հոսպիտալացվել։

Այս պահին հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 115 փրկարար, նրանց ներգրավել են նաեւ մարզերից։