Վերջերս Ավստրալիայում հանրային մեծ արձագանք է առաջացրել Վիկտորիա նահանգի ոստիկանության որոշումը՝ արգելել շփումն այսպես կոչված «երիտասարդական խմբավորումների անդամների» հետ։ Այս միջոցները նախկինում կիրառվում էին բայքերական հանցավոր խմբերի դեմ պայքարում, սակայն այժմ սկսել են կիրառվել նաև դեռահասների նկատմամբ, գրում է The Conversation-ը։

Նման նախաձեռնությունները, թեև հանցավորության վերահսկման խիստ ու արագ միջոց են թվում, արժանանում են փորձագետների քննադատությանը։ Շփումն արգելող օրենքներն ու խստացված պատիժները գործնականում միայն անուղղակիորեն են ազդում հանցավորության մակարդակի վրա, իսկ որոշ դեպքերում նաև խորացնում են սոցիալական խնդիրները։

Ավստրալական և միջազգային տվյալները փաստում են, որ երիտասարդ իրավախախտների թիվն ընդհանուր առմամբ նվազում է, սակայն որոշ տարածաշրջաններում, օրինակ՝ Վիկտորիայում, վերջին ամիսներին դեռահասների կատարած հանցագործությունների աճ է գրանցվել։ Հանրային քննարկումներում սա հաճախ ուղեկցվում է չափազանցված պնդումներով, թե երիտասարդները, հատկապես միգրանտները, անվերահսկելի և վտանգավոր խումբ են, ինչն էլ ավելի է սրվում մեդիայի և քաղաքական խոսույթների պատճառով։

Իրականում ոստիկանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդները կազմում են բոլոր իրավախախտների միայն մոտ 13%-ը, սակայն հենց նրանք են հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Հետազոտողներն ընդգծում են, որ «երիտասարդական խմբավորումների» խնդիրը հասկանալ նշանակում է պարզել, թե ինչու են դեռահասներն առհասարակ ձգտում դեպի նման խմբեր, այլ ոչ թե պարզապես խիստ միջոցներ կիրառել։ Հաճախ խմբավորումներում ներգրավվածությունը ոչ թե մեկ գործոնի հետևանք է, այլ մի քանիսի համադրություն՝ անձնական համոզմունքներ, հասակակիցների ազդեցություն, ընտանեկան միջավայր, դպրոցական խնդիրներ և համայնքային պայմաններ։

Հակասոցիալական վարքի հակումն ուժեղանում է, երբ դեռահասն ունենում է միաժամանակ մի քանի ռիսկեր՝ ինքնավերահսկողության ցածր մակարդակ, տրավմատիկ փորձ, շեղված վարք ունեցող շրջապատ, թույլ կապ ծնողների կամ դպրոցի հետ։ Բացի այդ, ի հեճուկս տարածված կարծրատիպերի, էթնիկ կամ միգրացիոն պատկանելությունը որպես ռիսկի անկախ գործոն ապացուցված չէ։

Սոցիալական ինտեգրման մատչելի և դրական ուղիների բացակայության դեպքում դեռահասները երբեմն խմբավորումներում գտնում են պատկանելության և ինքնության զգացում, որը դժվարանում են ստանալ այլ ոլորտներում։ Հենց այդ պատճառով շփման արգելքի նման պատժամիջոցները, գրավի պայմանների խստացումը կամ ավելի ծանր պատիժները հազվադեպ են երկարատև ազդեցություն ունենում և կարող են նույնիսկ անհամաչափ հարվածել անապահով ընտանիքների երիտասարդներին։

Գիտնականներն ու իրավախախտումների կանխարգելման մասնագետներն ավելի հաճախ են խոսում այն մասին, որ արդյունավետ լուծումները ոչ թե պատիժների, այլ վաղ միջամտության և աջակցության մեջ են, որոնք ուղղված են խնդրի արմատների վերացմանը։ Սա ներառում է մենթորական ծրագրեր, ակտիվ ներգրավվածություն դպրոցում, կրթության և զբաղվածության հնարավորությունների ստեղծում, ինչպես նաև օգնություն ընտանիքներին ու համայնքներին։ Նման միջոցառումներն արդեն իսկ լավ արդյունքներ են ցույց տվել, սակայն համակարգային առումով մնում են թերֆինանսավորված։ Դրանց ընդլայնումը կարող է հանգեցնել հանցավոր խմբերում երիտասարդների ներգրավվածության կայուն նվազմանը։