Տավուշի մարզի Հաղարծին գյուղում առաջնահերթ խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի հարցը: NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը նշեց, որ գյուղում վերջին մարդահամարի տվյալներով բնակվում է 4100 մարդ, որից գյողում աշխատում է միայն 1000-ը, մոտ 200 մարդ էլ մեկնում է արտագնա աշխատանքի:
Հաղարծին գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, իսկ հողագործությամբ չեն զբաղվում, քանի որ հողերի որակը շատ ցածր է: «Մեր հողերը 5-րդ կարգի են, դրան գումարած որ սակավ հողեր ունենք»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ գյուղացիների փոքր մասն է, որ գոնե տնամերձ հողամասերը մշակում է, այն էլ հիմնականում կարտոֆիլ ցանելով:
«Մեր գյուղը երբեք գյուղմթերքը շուկա չի հանել, հիմնականում իրենց համար են մշակում»,-ասաց նա:
Խոսելով գյուղից արտագաղթողների մասին, գյուղապետն ասաց, որ ինչքան մարդ դուրս է եկել գյուղից, նույնքան մարդ էլ հետ է վերադարձել: Սարգիս Պողոսյանը խոսքով, գյուղը խմելու ջրի եւ գազաֆիկացման խնդիր չունի, թեեւ մեծ մասն այս սեզոնին բնակարանները փայտով են ջեռուցում: «Ես էլ եմ տունս փայտով տաքացնում, քանի որ գազով բնակարան ջեռուցելը թանկ է ու ոչ նպատակահարմար»,- ընդգծեց նա:
Հավելենք, որ Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում ներկա պահին սովորում է 560 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 60 սան:




























