Էրեբունի վարչական շրջանի մեջ մտնող Վարդաշեն թաղամասի բնակիչները դիմել են NEWS.am-ի խմբագրություն` բողոքով, որ իրենց բնակավայր շատ քիչ երթուղայիններ են հասնում, իսկ եղածն էլ բավականին վատ է աշխատում: Վարդաշենի բնակիչ Անին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մինչեւ Վարդաշեն հասնում է թիվ 72 ավտոբուսը եւ թիվ 84 միկրոավտոբուսը, սակայն Վարդաշենի մեջ մտնում է միայն 80 համարի միկրոավտոբուսը, որը այդքան էլ լավ չէ աշխատում: Ըստ որում, նրա խոսքով, այդ տարածքում ուսումնարան, մանկարպարտեզ եւ այլ հաստատություններ կան, ու երթուղայիններն, իրոք անհրաժեշտ են այդ տարածքին: Անիի ներկայացմամբ` բնակիչները ստիպված են կիլոմետրեր քայլել եւ հասնել Էրեբունի թանգարանի մոտ` մեկ ուրիշ երթուղային նստելու համար: Դեկտեմբերին` մի կարճ ժամանակաշրջան, Վարդաշենի մեջ հասնում էր նաեւ 124 համարի միկրոավտոբուսը, եւ բնակիչները գոհ էին, քանի որ ստիպված չէին այդքան քայլել: Սակայն, հետո, Անիի խոսքով, այդ երկու գծի տերերի միջեւ վիճաբանություն եղավ, նույնիսկ 124 համարի միկրոավտոբուսներին ոստիկանները տանում էին տուգանային հրապարակ, չէին թողնում հասնել Վարդաշեն:
Վարդաշենցիների ահազանգի հետքերով` NEWS.am-ը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան, որի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ մայրաքաղաքի Վարդաշեն թաղամասի տրանսպորտային սպասարկման հարցը քննարկվել է «Երեւանտրանս» ՓԲ ընկերության հետ համատեղ։ Նրանց փոխանցմամբ` հ.124 երթուղու մեջ Վարդաշեն թաղամասը ներառված չէ եւ երթուղին նշված թաղամաս մտնելու իրավունք չուներ։
Ինչ վերաբերում է միկրոավտոբուսային հ.80 երթուղուն, ապա այն սպասարկող «Ասքեր Յունիոն» ՍՊԸ-ի ղեկավարությունը զգուշացվել է եւ նրանց հանձնարարվել է ապահովել երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի թվաքանակը եւ կանոնավոր սպասարկումը՝ սահմանված չվացուցակներին համապատասխան։ «Միաժամանակ հայտնում ենք, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ»,- հայտնել են քաղաքապետարանից։ Ի դեպ, 80 համարի երթուղում, ըստ պայմանագրի, պետք է լինի 15 տրանսպորտային միջոց, իսկ 124 համարի երթուղում` 21:
Նշենք, որ մայրաքաղաքում միկրոավտոբուսների դեպքում մեկնման ժամանակը 5-7 րոպե է, իսկ ավտոբուսների դեպքում` 8-10 րոպե, ինչը, սակայն, ըստ վարդաշենցիների, չի պահպանվում:




























