Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը փետրվարի 9-ին ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել քաղաքացիական մի գործով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Դատարանը քննում էր Կարինե Գասպարյանն ընդդեմ իր նախկին ամուսնու` Հրաչյա Հարությունյանի եւ Կարինե Էկսարջյանի քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը: Փետրվարի 9-ին պետք է հրապարակվեր գործով որոշումը: Ժամը 15-ին փաստաբան Արամազդ Կիվիրյանը ներկայացել է նիստերի դահլիճ, որտեղ դատավորը հրապարակել է որոշումը, որը, սակայն, կողմին չի տրամադրվել: Փաստաբանն աշխատակազմի հետ փորձել է պարզել, թե ինչու որոշումը չի տրամադրվել իրեն, ի պատասխան հայտնել են, որ գործը քննող դատավորներից մեկը որոշումը չի ստորագրել եւ չի կնքել, հետեւաբար այն չեն կարող տրամադրել: Աշխատակազմից խնդրել են հաջորդ օրը ներկայանալ, սակայն հաջորդ օրը եւս որոշում չեն տրամադրել` պատճառաբանելով, որ համակարգչից դեռեւս տպված չէ եւ որեւէ դատավոր չի ստորագրել եւ կնքել: Սույն գործով նախագահող դատավորը եղել է Նախշուն Տավարացյանը:
Ըստ փաստաբանի, «առաջին անօրինականությունն այն է, որ Նախշուն Տավարացյանն իրավունք չուներ հրապարակել որոշում, որը չի ստորագրել դատավորներից որեւէ մեկը: Փաստացի որոշում գոյություն չունի, ոչ տպված է, ոչ էլ կնքված եւ ստորագրված»:
«Անկհայտ անօրինական եւ ապօրինի որոշում է կայացվել: Նախկին ամուսինը առաջին ատյանի դատարանում վճիռ կայացնելուց առաջ իր հողն ու խանութը վաճառել էր քեռու կնոջը: 4 տարի տեւած դատաքննության ընթացքում մենք ապացուցել ենք, որ նրա արարքն ապօրինի է, եւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, անվավեր էր ճանաչել այդ գործարքը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը այդ պայմաններում վավեր է ճանաչում պայմանագրերը»,- նշել է փաստաբանը:
Արամազդ Կիվիրյանը դատավորի կատարած ապօրինության փաստով դիմում է ներկայացրել դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանի անունով, նաեւ կարգապահական դիմում է ներկայացրել կարգապահական հանձնաժողովին:




























