Հինգ Airbus A300-600ST Beluga տրանսպորտային ինքնաթիռներից հինգերորդը «վաստակած հանգստի անցավ»՝ կատարլով իր եզրափակիչ թռիչքը դեպի Հյուսիսային Ուելսի Բրոութոն քաղաքում տեղակայված Airbus-ի ձեռնարկություն։ Այնտեղ ինքնաթիռը նոր կյանք կստանա որպես կրթական կենտրոն։
Beluga-ն հիմնված է հայտնի Airbus A300 ուղևորատար ինքնաթիռի բազայի վրա և փոխարինում է չորս Aero Spacelines Super Guppy տուրբոպտուտակային տրանսպորտային ինքնաթիռների հնացած նավատորմին։
Իր նախորդի համեմատ Beluga-ն զգալիորեն ավելի մեծ էր և նախատեսված էր Airbus ինքնաթիռի ցանկացած բաղադրիչ տեղափոխելու համար, ընդհուպ չորս շարժիչով A340-ի թևերի հատվածներ, գրում է Planet Today-ը։
Թեև Beluga-ի բեռնատարողությունը զիջում էր An-124 տրանսպորտային ինքնաթիռին, դրա հիմնական առավելությունը բեռնախցիկի տարողունակությունն էր։ Հսկայական, բնորոշ «փորով» ֆյուզելաժը 37,.7 մետր երկարություն և 7,4 մետր տրամագիծ ունի, ինչն ինքնաթիռը իսկապես եզակի է դարձնում։
Երեք տասնամյակների ծառայության ընթացքում Beluga նավատորմը ոչ միայն նպաստեց Airbus-ի արագ վերելքին՝ դառնալով աշխարհի խոշորագույն ինքնաթիռաշինարարը, այլև բազմաթիվ կարևորագույն բեռներ փոխադրեց: Ամենահայտնի առաքելություններից մեկը 2006 թվականի թռիչքն էր, երբ F-GSTC ինքնաթիռը Եվրոպական տիեզերական գործակալության Columbus մոդուլը հասցրեց Քենեդիի տիեզերական կենտրոն: Երկու տարի անց 6,9 մետր երկարությամբ, 10,3 տոննա քաշով մոդուլը տեղադրվեց Atlantis շաթլի բեռնախցիկում և դուրս բերվեց ուղեծիր՝ Միջազգային տիեզերական կայանի մաս դառնալով:




























