Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին փետրվարի 13-ին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

«Նրա կինը եկավ, մենք վիրահատող բժշկի` պրոֆեսոր Ալեքսանդր Աղավելյանի հետ միասին զրուցեցինք Սերոբ Տեր-Պողոսյանի եւ նրա կնոջ հետ: Որոշվեց, որ վիրահատությունը կատարվելու է երկուշաբթի օրը»,- ասաց նա` հավելելով, որ վիրահատելու են հաստ աղիքի ուռուցքը: Օնիկ Մելքոնյանը նշեց, որ այժմ Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ վերջինս հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Սերոբ Տեր-Պողոսյանը ցանկանում էր մասնակցել Վերաքննիչ դատարան ներկայացված իր բողոքի քննության շրջանակներում կայանալիք նիստին, որից հետո միայն վիրահատվել: Դատարանը մերժել է նրա բողոքը եւ անփոփոխ թողել Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է: