Հրազդանում ընթացող քաղաքապետի ընտրություններում մի շարք ընտրակեղծիքներ են արձանագրվել: Քաղաքապետի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդագրություն է տարածել` արձանագրելով կեղծիքները:
Մասնավորապես նշվում է, որ 25/19 ընտրատեղամասում ընտրողին տրվել է երկու քվեաթերթիկ, առկա է տեսագրություն, կազմվել է արձանագրություն:
«25/10 ընտրատեղամաս – կնիքը թաց է եղել, կազմվել է արձանագրություն, պահանջվել է փոխել թանաքի գույնը, նոր շարունակել քվեարկությունը:
25/11 ընտրատեղամաս – կնիքը թաց է եղել, կազմվել է արձանագրություն, պահանջվել է փոխել թանաքի գույնը, նոր շարունակել քվեարկությունը:
25/26 ընտրատեղամաս – կնիքը թաց է եղել, կազմվել է արձանագրություն, պահանջվել է փոխել թանաքի գույնը, նոր շարունակել քվեարկությունը:
25/20 ընտրատեղամաս – քվեարկելու փորձ է արել «բացակա» անձը, վստահված անձը պահանջել է կազմել արձանագրություն»:
Նշենք, որ թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին նա սատարել է նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել է ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Նշենք, որ Հրազդան քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը մոտ 44 հազար է: Այստեղ ընտրարշավը մեկնարկել էր հունվարի 25-ից, իսկ երեկ` փետրվարի 11-ին, քաղաքում «լռության օր» էր, երբ արգելվում է որեւէ քարոզչություն:




























