Հրազդանի քաղաքապետի ընտրություններին այս պահի դրությամբ արդեն մասնակցել 14,7 հազար ընտրող գրանցված 43 հազար 874 ընտրողներից:
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբից հայտնել են, որ ընտրությունների այս ակտիվ մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցներն ընտրողներին ընտրատեղամասեր են բերում մեքենաներով, ինչի հետեւանքով ընտրատեղամասերի ներսում եւ մոտակայքում առաջացել են մարդկանց կուտակումներ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունն էլ արձանագրել է հետեւյալ ընտրախախտումները`«Հրազդան համայնքի 25/04 ընտրատեղամասում բավական մեծ թիվ է կազմում քվեարկության պահին « օգնության» կարիք ունեցողների թիվը, ինչպես նաեւ ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցում է 15 հոգին:
25/22 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը փորձել է մեկ այլ քաղաքացու անձնագրով քվեարկել, որը կանխվել է ոստիկանության կողմից:
25/01 ընտրատեղամասում հաճախ միեւնույն ժամանակ ընտրողների թիվը հասնում է 30-40 հոգու: Դիտորդի կողմից արված նկատառումները անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից»:
Նշենք, որ թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին նա սատարել է նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել է ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Նշենք, որ Հրազդան քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը մոտ 44 հազար է: Այստեղ ընտրարշավը մեկնարկել էր հունվարի 25-ից, իսկ երեկ` փետրվարի 11-ին, քաղաքում «լռության օր» էր, երբ արգելվում է որեւէ քարոզչություն:




























