Հայաստանում գործող այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ էին տարածում իրենց քաղաքացիներին, որ խուսափեն սահմանամերձ հատվածներ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները պետք է դադարեցնեն։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 12–ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հույս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Միրզոյան, պետք է աշխատել այդ դեսպանատների հետ, որպեսզի նման իներցիայով այլևս չշարունակեն»,– նշեց վարչապետը՝ դիմելով ԱԳ նախարարին։

Նա ներկայացրեց այն մի քանի հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին:

Ըստ Փաշինյանի՝ կարևոր հանգամանք է տնտեսական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի՝ անվանգ երկիր լինելու հանգամանքը, քանի որ ռեյտինգային տարբեր աղյուսակներում ՀՀ-ն դիտարկվում է որպես անվտանգ երկիր՝ ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից:

«2025-ին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել, և կարծում եմ, որ սրանք էլ են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին»,- ասաց նա: