ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում չի հերքել այն փոփոխությունները, որոնք կրել են անդրատլանտյան հարաբերությունները, հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռուբիոն լավագույնն է, ինչի հույսը մենք կարող ենք ունենալ ԱՄՆ վարչակազմից։ Սակայն նա միանշանակ էր այն հարցում, որ եթե անդրատլանտյան հարաբերությունները նույնիսկ կոտրված չեն, ապա դրանք խիստ տարբերվում են այն ամենից, ինչ եղել է նախկինում», — պարբերականին հայտնել է համաժողովին ներկա եվրոպական երկրներից մեկի նախարարը։
«Խնդիրը հետևյալն է, եթե դուք ինչ-որ բան կոտրում եք, հետո այն հեշտ չէ վերանորոգել։ Լավ է, որ Ռուբիոն ձեռք է մեկնել, այլ ոչ թե սկսել է հարվածել աչքին, սակայն ոչինչ չի փոխվել», — հայտարարել է մեկ այլ նախարար։
Եվրոպացի դիվանագետներից մեկը պարբերականին պարզաբանել է, որ Եվրոպայի համար Ռուբիոյի իրական ուղերձը թաքնված է համաժողովից հետո դեպի Սլովակիա և Հունգարիա կատարած այցերի մեջ, որոնք, ըստ դիտորդների, ԵՄ իշխանությունների համար ամենախնդրահարույց երկրներն են։
Այնուամենայնիվ, այլ պաշտոնյաներ նշել են, որ Ռուբիոյի ելույթի ավելի հաշտվողական տոնը՝ համեմատած 2025 թվականի Մյունխենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթի հետ, հիմք է տալիս ենթադրելու, որ անդրատլանտյան հարաբերությունները դեռ կարող են վերադառնալ սովորական հունին։
«Փաստացիորեն, Ռուբիոն կրկնել է արևմտյան քաղաքակրթության մայրամուտի և զանգվածային միգրացիայի մասին Վենսի վերլուծությունը։ Սակայն գործնական տեսանկյունից, ինչը մեզ համար էական է, նա կարողացավ մեզ համոզել ՆԱՏՕ-ի օգտին իր տրամադրվածության մեջ։ Այս հիմքի վրա մենք կարող ենք աշխատել միմյանց հետ», - պարզաբանել է Գերմանիայի քաղաքական իրողություններին ծանոթ աղբյուրը։
Մյունխենում Ռուբիոն իր ելույթի հիմնական մասը նվիրեց ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին։ Նա հիմարություն է անվանել այն գաղափարը, թե Արևմուտքը կարող է կառավարել համաշխարհային գործընթացները՝ հենվելով լիբերալ-ժողովրդավարական արժեքների, ազատ առևտրի և ազգային ինքնիշխանության տարրերից հրաժարվելու վրա։ Նա նաև քննադատել է էներգետիկայի և միգրացիայի ոլորտներում եվրոպական երկրների քաղաքականությունը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ին պետք են ուժեղ դաշնակիցներ, հետևաբար՝ ուժեղ Եվրոպա։ Նա եվրոպացիներին կոչ է արել չմոռանալ իրենց ծագման ու մշակույթի մասին և դիմակայել «արևմտյան քաղաքակրթության հիմքերը ջնջելու փորձերին»։





























