Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները ցանկանում են լիովին արգելել սոցիալական ցանցերը 14 տարեկանից փոքր երեխաների համար, հաղորդում է DW-ն։
Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը Բունդեսթագում աջակցել է SPD խմբակցության պահանջներին։ «Մենք այլևս չենք կարող յոլա գնալ առանց հստակ կանոնների և սահմանափակումների»։ (…) Երիտասարդներին սոցիալական ցանցերում ատելության և բռնության հեղեղից պաշտպանելը գերակա խնդիր է»,- Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում ասել է նա։
Ֆրանսպրես գործակալության տվյալներով՝ ըստ սոցիալ-դեմոկրատների խմբակցության մշակած փաստաթղթի՝ 14 տարեկանից փոքր երեխաների համար պետք է սոցիալական ցանցերի օգտագործման «լիակատար արգելք» մտցվի։
16 տարեկանից փոքր երիտասարդների համար պետք է ներդրվի «պարտադիր երիտասարդական տարբերակ», որն, ի թիվս այլ բաների, չպետք է ցուցադրի անհատականացված բովանդակություն կամ պարունակի «կախվածություն առաջացնող գործառույթներ, մասնավորապես՝ անվերջ թերթումները, բովանդակության ավտոմատ վերարտադրությունը, push ծանուցումները, խաղերում ընդգրկման կամ ինտենսիվ կամ մշտական օգտագործման վրա հիմնված պարգևատրման համակարգերը»։ Խորհրդարանականներն առաջարկում են այդ տարբերակի հասանելիության համար ծնողի կամ խնամակալի թույլտվություն պահանջել։




























