Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգեւավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս:
2011թ.-ին մեր համաքաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 180 ավտոմեքենա: Եվ ահա, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգեւավճար կստանան նաեւ բջջային հեռախոսներ, մոդեմներ ու ինտերնետ կապ: Բջջային հեռախոսները, մոդեմները եւ համապատասխան սակագնային պլանը տրամադրվում են ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից, որի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին:
2012թ. հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում էին 2011թ. դեկտեմբերին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները, ներկայացվել են շուրջ 1700 կտրոններ, որոնցից` ըստ առավելագույն քանակով նիշերի համընկման եւ գործարքների առավելագույն արժեքների 315 ՀԴՄ կտրոններ ներկայացրած անձանց տրամադրվում են 15 ավտոմեքենա, ՙMTS Touch 551՚ 100 բջջային հեռախոս, ՙՄՏՍ կոնեկտ Դայմոնդ՚ 3G 200 մոդեմ (ներառյալ ՙՄՏՍ կոնեկտ անսահմանափակ՚ հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ):
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի, «300 միավոր պարգեւավճարների ներդրումը խրախուսեց մեր քաղաքացիներին եւ մենք ունեցանք աննախադեպ ցուցանիշներ. առաջին անգամ ՀԴՄ կտրոնների խաղարկության 3,5-ամյա պատմության մեջ արձանագրվել է 8 թվի համընկնում, կա 3 հատ 7 թվի համընկնում եւ 20 հատ` 6 թվի: Այս ակցիան շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում, փաստորեն, 2012-ին բացի 180 ավտոմեքենաներից ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն նաեւ ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից տրամադրված 3600 պարգեւավճարները»:
Հասարակության կողմից աննախադեպ ակտիվության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ եթե 2011-ի ընթացքում 5 եւ ավելի նիշերի համընկմամբ ամսական միջին հաշվով հարկային տեսչություններ են ներկայացվել շուրջ 80 ՀԴՄ կտրոններ, ապա այս վիճակահանության արդյունքներով դրանց քանակը կազմում է շուրջ 150:




























