Լեհաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան համաձայնագիր են ստորագրել LEAP նախաձեռնության շրջանակում մատչելի ՀՕՊ համակարգերի և ինքնավար հարթակների մշակման և արտադրության ոլորտում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրի մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը եվրոպական հինգ երկրների պաշտպանության նախարարների Կրակովում անցկացված հանդիպումից հետո։
Ըստ նրա՝ համաձայնագիրը նախատեսում է անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածային հնարավորությունների համատեղ մշակում, ծախսարդյունավետ արտադրության կազմակերպում և անօդաչու թռչող սարքերի համար մարտագլխիկների գնման համակարգում։ Նախարարն ընդգծել է, որ նախագիծն իրականացնելիս եվրոպական երկրները մտադիր են օգտագործել Ուկրաինայի փորձը մատչելի անօդաչու տեխնոլոգիաների և հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման գործում։
Bloomberg-ի տվյալներով՝ նախաձեռնությունը ներառում է ՀՕՊ համակարգերի համար ինքնավար անօդաչու համակարգերի և ՀՕՊ համալիրի համար հրթիռների մշակում։ Ակնկալվում է, որ նման լուծումները կիրառելի կլինեն տարբեր միջավայրերում, ներառյալ՝ տիեզերքում, սակայն նախագծի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Ծրագիրն իրակականացնելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Ռազմական գերատեսչությունները պարտավոր են ներկայացնել առաջարկներ՝ նախաձեռնության դերը ընդլայնելու և մասնակիցների ներդրումը Դաշինքի գործունեության մեջ բարձրացնելու համար։





























