Միացյալ Նահանգները վերջին օրերին հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման վեց E-3C Sentry AWACS ինքնաթիռ են տեղակայել Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում։ Այս մասին հայտնի է Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալներից։

Դրանց վերջին զույգը Սաուդյան Արաբիա է ժամանել նախօրեին՝ ԱՄՆ-ից կատարված անդրատլանտյան թռիչքից և Եվրոպայում միջանկյալ վայրէջքից հետո։ Արբանյակային տվյալների չինական մատակարար MizarVision-ը հրապարակել է սաուդյան ավիաբազայի լուսանկարները, որոնցում երևում են բոլոր վեց ինքնաթիռները։

Boeing E-3C ինքնաթիռը հանդիսանում է օդային հրամանատարության և կառավարման համակարգի հիմքը, որն ընդունակ է ղեկավարել լայնամասշտաբ օդային գործողություններ, համակարգել կործանիչների, լիցքավորող ինքնաթիռների, հետախուզական հարթակների գործողությունները, ինչպես նաև ապահովել հակառակորդի օդանավերի վաղ հայտնաբերումը հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա։

Ինչպես նշում է Itamilradar պորտալը, այսօր ակնհայտ է, որ տարածաշրջան մեծաքանակ մարտական ավիացիայի շարունակական տեղափոխման ֆոնին ԱՄՆ-ն ոչ միայն մեծացնում է հարվածային հզորությունը, այլև ստեղծում է դրա կառավարման լիարժեք համակարգը՝ մարտական գործողությունների պայմաններում։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ շատ վերլուծաբաններ AWACS ինքնաթիռների ժամանումը Մերձավոր Արևելք դիտարկում են որպես վերջին «պակասող տարրերից» մեկը, որն անհրաժեշտ է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություն իրականացնելու համար։