Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` փետրվարի 14-ին, շարունակվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ նախորդ դատական նիստը  հետաձգվել էր ամբաստանյալ Սամվել Մախմոյանի խնդրանքով, քանի որ վերջինս նշել էր, որ պաշտպան չունի, իսկ առանց պաշտպանի չի ցանկանում ցուցմունք տալ:

Այսօրվա նիստում ներկայացել էր նաեւ նրա հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանը, սակայն Մախմոյանը հիմա էլ հրաժարվեց պաշտպանից, ասելով, թե ինքն իրեն կպաշտպանի: Նա նաեւ հրաժարվեց ընդհանրապես ցուցմունք տալուց եւ խնդրեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները:

Ըստ այդ ցուցմունքների, նա բենզինի կտրոնները հանձնել է ամբաստանյալ Արա Լեւոնյանին եւ ամեն ամիս ներկայացրել է 2 հազար լիտր ավելի բենզինի կտրոններ: Նա նշեց, որ 16 հազար լիտր ավելի է գրել, քան իրականում ստացել է: Նա նշեց նաեւ, որ այդ մասին տեղյակ է պահել Երեւանի ՃՈ պետեր Արսեն Արշակյանին ու Արսեն Մարդոյանին, նրանք էլ ասել են, թե ինչպես հանձնարարել են, այնպես էլ գրի: Մախմոյանն իր 4-րդ ցուցմունքում միայն նշել է, որ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել այդ մեքենայություններից:

Մախմոյանն ամեն անգամ տարբեր ցուցմունքներ է տվել շփոթելով թե անունները, թե բենզինի լիտրերը: Վերջին ցուցմունքում նա նշել է, թե եթե այդպես չվարվեր, Մարգար Օհանյանն իրեն կհեռացներ աշխատանքից:

Այնուհետեւ ցուցմունք տալու հերթը հասավ ամբաստանյալ Արա Լեւոնյանին, ով նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց եւ մեղադրող Հարություն Հարությունյանը ստիպված էր հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննական առաջին ցուցմունքում նա պնդել է, որ ամբաստանյալ Ստեփան Կարախանյանին տվել է այնքան բենզին, որքան գրված է եղել հաշվետվության մեջ եւ չի եղել մի դեպք, որ նա պակաս ստանա: Երկրորդ ցուցմունքում նա նշել է, որ առաջին ցուցմունքում ստել է եւ իրականում գրվածից պակաս բենզին է տվել:

Նա նշել է, որ բենզինը պակաս է տվել Մարգար Օհանյանի հրահանգով: Վերջինս ասել է, որ բացը կլրացնես 1-ին եւ 2-րդ գումարտակների հաշվին:

Երկրորդ ցուցմունքում Լեւոնյանը նշել է, որ պակաս է տվել 119 հազար լիտր բենզին, 3-րդ ցուցմունքում նշել էր, որ պակաս է տվել 493 հազար լիտր բենզին, իսկ 4-րդ ցուցմունքում այդ թիվը հասել էր 577,4 հազար լիտրի:

Ամբաստանյալներ Սամվել Մախմուդյանն ու Արա Լեւոնյանը հրաժարվեցին պատասխանել հարցերին:

Ցուցմունք տալուց հրաժարվեցին նաեւ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանը:

Այս պահին դատական նիստում ընդմիջում է հայտարարվել, որից հետո կհրապարակվի Ստեփան Կարախանյանի նախաքննական ցուցմունքները: