Լոռիի մարզի Հաղպատ գյուղում մինչ օրս լուծված չէ խմելու ջրի հարցը. գյուղը ջուր ստանում է բնական աղբյուրներից, որոնք գուղում չափազանց քիչ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հաղպատ գյուղի գյուղապետ Սերգո Քառյանը:
«Մենք չունենք ներքին ցանց, ջուրը մի քանի աղբյուրներից ենք վերցնում, էնքան ջրի ռեսուրս չկա, որ բոլոր բնակիչները ջուր ունենան»,- ասաց Սերգո Քառյանը, հավելելով, որ ամռանը կենցաղային նպատակներով բնակիչները օգտագործում են ոռոգման ցանցով եկող ջուրը:
Հաղպատ գյուղն ունի 864 բնակիչ, հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ինչը գնալով զարգանում է: Գյուղապետի խոսքով, գյուղի վիճակը գնալով բարելավվում է, ինչին նպաստում է նաեւ գյուղի տուրիստական կենտրոն լինելը: Սերգո Քառյանի, փոխանցմամբ Հաղպատ գյուղը մոտ 80 տոկոսով գազաֆիկացված է, մնացած 20 տոկոսն էլ այս տարի կարվի, սակայն բնակարանները հիմնականում ձմռան այս սեզոնին փայտով են տաքացնում:
Կաթնամթերքի մթերման խնդիր հաղպատեցիները չունեն: «Տուրիզմը քանի որ մեր գյուղում զարգացած է, խնդիրներ չեն լինում, դրսից եկած հյուրերը գնում են մթերքը, մի մասն էլ վաճառվում է Ալավերդի քաղաքում»,-ասաց նա:
Հաղպատում նախորդ տարի կառուցվել է տիպային մանկապարտեզ, որտեղ այժմ սովորում է 16 սան, գյուղապետը վստահ է, որ գարնանն արդեն մանկապարտեզ հաճախողների թիվը կդառնա 25:




























