Երեւանի թիվ 42 ավագ դպրոցի ծնողները դիմել են NEWS.am-ի խմբագրություն` ահազանգով, որ դպրոցում տիրում է կատարյալ սառնամանիք, շատ են հիվանդ, վատառողջ ու մրսած աշակերտները: Ծնողների փոխանցմամբ` դպրոցում դասերը 4-րդ ժամից հետո ավարտվում են, հաճախումների թիվը հասել է 400-ից 200-ի, դպրոցի ներսի ջերմաստիճանը իջել է մինչեւ + 2-ից +4 եւ սարսափելի ցուրտ է, տաքացնող սարքերն էլ չեն աշխատում ու շատ քիչ են:
«ԿԳՆ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ թող գնա իր մասին մտածի, այլ ոչ թե սուտ լուրեր տարածի թե իբր դպրոցում ընթանում է նորմալ դասապրոցես եւ շատ տաք է ու ամեն ինչ նորմալ է»,- գրել են ծնողները իրենց նամակում` հավելելով, որ ուսուցիչների կարծիքով` դա բնական է, քանի որ նա երբեք չի սատարի դպրոցին` փնովելով ԿԳՆ-ին, քանի որ այդ դեպքում կզրկվի իր պաշտոնից նախարարությունում:
Ահազանգի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի թիվ 42 ավագ դպրոցի տնօրենը Էլեոնորա Թումանյանից: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հարցին բազմիցս անդրադաձել է: «Վիճակն այն է, ինչը որ բոլոր չջեռուցվող դպրոցներում: Դպրոցը չի ջեռուցվում, բայց ամեն ինչ անում ենք, միացված են էլեկտրոկանության սարքեր, սալիկներ, որոնք աշխատում են մինչեւ օրվա վերջ, էլեկտրականությամբ ինչ հնարավոր է անում ենք անխնա, անգամ դասարաններ կան, որ երկու պլիտաներ են վառված, բոլոր ապակիները գցել ենք, ցելոֆանապատել ենք,»,- ասաց դպրոցի տնօրենը: Նա հերքեց ծնողների բողոքը, որ աշակերտների հաճախումները նվազել են եւ դպրոցում ջերմաստիճանը իջել է մինչեւ + 2-ից +4-ի:
Էլեոնորա Թումանյանի խոսքով` դպրոցում արեւկողմ դասարաններում ջերմաստիճանը հասնում է մինչեւ 15-17 ատսիճանի, իսկ ոչ արեւկող կողմերում` 14-16 աստիճանի: «Ցանկալի է, որ ավելի տաք լինի, բայց այնքան ցուրտ չի, որ մենք չկարողանանք պարապել»,- ասաց նա: Դպրոցի չջեռուցման հարցով տնօրենը դիմել է ԿԳ նախարարություն եւ խոստացել են, որ սա կլինի վերջին ցուրտ ձմեռը թիվ 42 դպրոցի աշակերտների համար, մյուս տարի դպրոցը կջեռուցվի:




























