Բոլոր նահանջ տարիները` ամեն 4 տարին մեկ, համարվում են վտանգավոր տարիներ եւ 2012թ եւս նահանջ տարի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արխիվի վարիչ Լիլիթ Սիմոնյանը` հավելելով, որ նահանջ տարվա ազդեցությունը կդադարի միան տարին ավարտվելուց  հետո: Ի դեպ, 1988թ եւս նահանջ տարի էր, եւ մեր քաղաքացիները նաեւ դրանով են պատճառաբանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը: Ամեն դեպքում, Լիլիթ Սիմոնյանը նշեց, որ լինող բանը լինելու է, եւ եթե վատ բան պետք է լինի, ապա տարին կապ չունի: Նրա խոսքով` նահանջ տարին ավելի շատ ազդում է բնական աղետների, ավերածությունների, կործանումների, ոչ թե ամուսնությունների, ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու վրա: Նա խորհուրդ է տալիս զգույշ լինել, առավել եւս` փետրվարի 29-ին, չճանապարհորդել, տնից դուրս չգալ եւ այլն:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արխիվի վարիչը բացատրեց նաեւ, թե որն է համարվում նահանջ տարի, ինչու է այդպես կոչվում, երբ է ի հայտ եկել եւ այլն: Նրա խոսքով`  նահանջ տարին հայերի մեջ առաջացել է այն ժամանակ, երբ մտել է Հուլյան տոմարը, իսկ դրանից հետո` Գրիգորյան տոմարը, այսինքն` 15-րդ դարից ոչ շուտ, բայց այն շատ ավելի ուշ է մտել ժողովրդի մեջ: Մինչ այդ հայերը օգտագործել են  լուսնային, արեգակնային տոմարները եւ այլն, որոնք նահանջ տարի հասկացություն չունեին: Նահանջ տարվա խնդիրը, այսինքն`հարմարացնել, որ մեր տոմարի օրերը, ժամերը համապատասխանեն իրական, տիեզերական տարվան, բնական երեւույթ չէ:

«Երկրի շրջապտույտն արեւի շուրջ կատարվում է 365 օրում եւ 6 ժամում, մենք չենք հաշվում այդ վեց ժամը, մենք հաշվում ենք կլոր օրերով, որպեսզի հեշտացնենք մեր հաշիվը, իսկ դրա հետեւանքով այդ վեց ժամը հետ ենք գցում: 4 տարվա ընթացքում այդ վեց ժամը հավաքվում է եւ դառնում մի օր, 4 տարին մեկ գրիգորյան տոմարի օրացույցի մեջ փետրվարին այն ավելանում է, քանի որ փետրվարն ամենակարճ ամիսն է»,- ասաց Լիլիթ Սիմոնյանը: Նրա խոսքով` առաջին անգամ այդ հաշվարկը կատարվել է  Հին Հռոմում` Պտղոմեոսի ժամանակներում, եւ այն կոչվում էր bis sextus, նշանակում էր երկրորդ վեց եւ ավելանում էր փետրվարի 22-23-ին: Bis sextus-ը ժամանակի ընթացքում սկսել է կոչվել նահանջ. «Եթե հաշվարկենք 365 օրով,  մեր օրացույցը իրական տիեզերական ժամանակից մի օրով առաջ կընկնի, այժմ այդ մի օրը նահաջում ենք, հետ ենք գնում իրական, տիեզերական ժամանակից, որպեսզի խառնաշփոթներ չլինի, այլապես տարիների ընթացքում մեծ կուտակումներ կլինեն, սեզոնները իրար կխառնվեն: Որպեսզի դա տեղի չունենա, 4 տարին մեկ մենք նահանջում ենք օրացույցային տարուց դեպի իրական, տիեզերական տարի»,- բացատրեց նա:

Ինչ վերաբերում է նահանջ տարվա հետ կապված վախերով ապրելուն, ապա Լիլիթ Սիմոնյանի խոսքով` դա կապված է հավատալիքային համակարգի հետ: «Հին ժամանակներում, երբ դեռեւս տոմարը չկար, վախենում էին նաեւ 5 ավելյաց օրերից, աշխատում էին այդ օրերին ոչ մի կարեւոր գործ չսկսել, ոչ մի տեղ չգնալ: Մոգական պաշտպանական արարողություններ էին կատարվում, որպեսզի այդ վտանգներից զերծ մնան, որովհետեւ համարվում էր, որ այդ 5 օրերը ժամանակից դուրս են»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ Անանիա Շիրակացին այդ մասին գրել է եւ նշել, որ դրանք այն 5 օրերն էին, երբ Աստված ստեղծեց աշխարհը, բայց դեռ չէր ստեղծել Ադամին, այսինքն` այդ հինգ օրը նվիրված էր չգոյությանը, անժամանակյա մի շրջան էր: Այդ ժամանակվանից վախը մնացել է ժողովրդի հետ, եւ այն այժմ տարածվում է ոչ միայն մի օրվա, այլեւ ամբողջ տարվա վրա:

«Առհասարակ համարվում է, որ եթե որեւէ ամսաթիվ մնում է հաշվարկից դուրս, ժամանակից դուրս, ինքը միշտ վտանգավոր է: Այսինքն` օրացուցից դուրս մնացած օրերը, որոնք ժամանակից դուրս են մնացել, համարվում են վտանգավոր, դրանց մեջ միստիկական բան կա»,- ասաց նա ` հավելելով, որ այդ օրերին տնից ոչինչ հանել չէր կարելի, աշխատում էին ոչ մի պարտք ու պահանջ չունենալ այդ օրը, տնից դուրս չգալ եւ այլն:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը