Հայաստանի գյուղատնտեսությանը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ սպասարկում են 14.5 հազ. տրակտորներ, որոնց 22.3 %-ն անսարք է: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ` «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքինության վիճակի մասին»:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մոտ 300 հազ. հա ցանքատարածություն կա, ապա յուրաքանչյուր սարքին տրակտոր վարում է 26 հա ցանք:
Գուցե զարմանալի թվա` տրակտորներով հագեցվածության աստիճանով Հայաստանը աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկն է: Օրինակ` ԱՄՆ-ում 1 տրակտորին բաժին է ընկնում 28 հա ցանքատարածություն, իսկ Եվրոպայում այդ ցուցանիշը 11 հա է: Սակայն նշենք, որ ամերիկյան տրակտորային պարկում գերակշռում են շատ հզոր տրակտորները` (100-150 ձիաուժ հզորությամբ):
Ռուսաստանում 1 տրակտորին բաժին է ընկնում 100 հա ցանքատարածություն: Իսկ գյուղտեխնիկայով ամենահագեցածը Ճապոնիայի գյուղատնտեսությունն է` 1 տրակտորին բաժին է ընկնում 2 հա: Սակայն հագեցվածության նման աստիճանը ձեռք է բերվում փոքր տրակտորային պարկի աճի հաշվին: Ընդհանրապես` այն երկրները, որտեղ գերակշռում են կտրտված տեղանքները, հիմնականում օգտագործում են փոքր հզորության մեքենաներ, ինչից հագեցվածության աստիճանը բարձրանում է:
Նշենք սակայն, որ թեեւ գյուղտեխնիկայով հագեցվածության աստիճանով Հայաստանը գհերազանցում է բազմաթիվ զարգացած երկրների, գյուղում օգտագործվող տեխնիկայի բացարձակ մեծամասնությունը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է ու կարիք ունի նորացման:
Սա է թերեւս պատճառներից մեկը, որ ԱՊՀ մի շարք լիզինգային կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են գյուղտեխնիկայի լիզինգով, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսական շուկայի նկատմամբ: Այդ կազմակերպություններն են, մասնավորապես ռուսական «Ռոսագրոլիզինգը» եւ բելառուսական «Պրոմագրոլիզինգը»:
Սամվել Ավագյան




























