3 տարի առաջ 34 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի  գրառումներում հուշումներ կան, որոնք օգնում են սպանության բացահայտման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը հավելելով, որ գործի շահերից ելնելով  չի կարող այդ հուշումները շրջանառության մեջ դնել:

Պետրոս Մհերյանը նաեւ չի բացառում, որ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի պատմության հետ կապված լինի որդու սպանությունը: Նրա խոսքով, հատուկ գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանին, ով քննում է այդ գործը, սպանությունից 20 օր հետո, իր կաբինետում անձամբ Պետրոս Մհերյանին ասել է. «Գեւորգը Սոթքի հանքի մասին շատ տվյալներ ուներ եւ հնարավոր է, որ դա է սպանության պատճառը»:

«Հեկտորի խոսքերն եմ ասում: Ես էլ  ենթադրում եմ, որ Գեւորգի ֆլեշկայի մեջ այդ ինֆորմացիան է եղել: Բայց նույն Հեկտոր Սարդարյանը 1 շաբաթ հետո հերքեց, որ ոչ մի բան չկա եւ ֆլեշկան կորավ: Բացի այդ, ես զգում էի տղայիս ուշադրությունը ֆլեշկայի նկատմամբ: Նա չէր ցանկանում բաժանվել ֆլեշկայից: Դեպքից 2 օր առաջ ես խոսել եմ որդուս հետ եւ նա ասել է բան ունեմ զեկուցելու նախագահին»,-ասաց Պետոս Մհերյանը:

Նրա խոսքով, ինքը միայն տեղյակ է, որ Սոթքի ոսկու հանքն այդ տարիներին պատկանել է հնդիկներին, ավելին չգիտի: «Բայց ես որոշ տեղեկություն ունեմ հետաքննությունից, Գեւորգի գրած թղթերից, որոնք իմ ձեռքի տակ եղել են»,-ասաց նա:

Հարցին, թե Գեւորգի գրառումներում կա՞ն այնպիսի տեղեկություններ, որոնք կօգնեն սպանության բացահայտման գործում, սպանվածի հայրը պատասխանեց. «Հա, Գեւորգի գրած թղթերի մեջ հուշումներ կան, բայց ես չեմ կարող այդ հուշումները շրջանառության մեջ դնել: Նա գլոբալ առումով շատ գործերով է զբաղվել: Չմոռանանք, որ նա կոռուպցիայի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ է եղել` սրանից բխող հետեւանքներով»:

Պետրոս Մհերյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ որդուն կյանքից զրկողը հենց սպանությունից հետո դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց ոչ թե սպանության, այլ խարդախության մեղադրանքով: Ինչպես նաեւ նշել էր, որ սպանությունից հետո Գեւորգ Մհերյանի ֆլեշկան անհետացել է: «Այդ ֆլեշկան իր աշխատասենյակից անհետացել է եւ ոչ միայն դա: Անհետացել է նաեւ ֆաքսը: Դրա ուղղությամբ էլ է աշխատանքներ տարվում, առայժմ նորություններ չկան, բայց անհետացել են որոշակի բաներ աշխատասենյակից հենց 1-ին օրը: Ես աշխատանքի հետ կապված հարցերով տղայիս հետ չէի խոսում, բայց առաջնորդվելով իմ տրամաբանությամբ, հարց է ծագում, թե ինչո՞ւ է անհետացել «ֆլեշկան»: 

Հիշեցնենք, որ 34-ամյա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից չորսն են նրան դիպել` երեքը` գլխին, մեկը` կրծքավանդակին։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա կինը եւ հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ  սույն գործով նյութերը նախաքննական մարմնի մոտ են եւ այս պահի դրությամբ նախաքննության շահերից ելնելով, հրապարկման ենթակա որեւէ տեղեկատվություն գործի վերաբերյալ չի կարող տալ: Ի դեպ, տեղեկացրել էինք նաեւ, որ  այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան, շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը: Պետրոս Մհերյանը պնդում է, որ տեղի ունեցածը մահափորձ է: «Միանշանակ այդպես է, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Եթե իմ տանը չկա շմոլ գազի արտահոսք, բայց երկու օր շարունակ ժամը 4-ին գազի թունավորումից ուշաթափվում ենք, սա ի՞նչ է»,- ասել է նա: Սույն գործով պաշտոնական մակարդակով հայտնի է միայն այն, որ փաստի առնչությամբ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ), եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի կրում):

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը