Հայաստանի իշխանությունը սուտասան է, ընտրագող է եւ ապացուցեց, որ ի վիճակի չէ առաջիկայում ընտրություններ անցկացնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն՝ անդրադառնալով փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններին: Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների համար արտագաղթը եւ թշվառությունը հիմնական միջոցներն են ընտրություններում հաղթելու համար:
«Այն, ինչ ես տեսա Հրազդանում, կարդացել եմ Հյուգոյի, Գորկիի, Կաֆկայի գրքերում եւ դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերում: Բախվեցի թշվառության եւ արտագաղթի հետեւանքներին»,- նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ նախորդ ընտրություններից հետո 3000 հոգի ավելացել են Հրազդանի ընտրացուցակներում:
Նա տեղեկացրեց, որ այն տեղամասում, որտեղ ինքը ներկա էր, ցուցակներից արտագաղթել էին 400-500 մարդ, այդ տարածքում ապրում էին 1300-1400 մարդ, բայց մասնակցել են 1200-ը: Նրա խոսքով՝ 120 հոգի անձնագրերում չունեին ծննդյան օր, ամսաթիվ, դրա փոխարեն գրված է զրոներ: Նրանք հիմնականում փախստականներ էին, Իրանից եկածներ, նաեւ երիտասարդներ, ովքեր հետաքրքված էլ չէին ընտրություններով:
Արամ Մանուկյանի խոսքով՝ տարօրինակ էր հոգեկան հիվանդների քվեակությունը եւ ներկայությունը, որոնք կազմում էին 40-50 հոգի, տատիկներ եւ պապիկներ կային, որ գալիս էին հանձնաժողովի անդամներին հարցնում, թե բա մեր փողը ուր է, մեր հացի փողը կտա՞ք: «Սա այդ մարդկանց համար միջոց էր փող աշխատելու: Ստացվեց այնպես, որ սովը հաղթեց քաղաքացուն, 5000 դրամը հաղթեց քաղաքացուն»,- ասաց նա՝ շեշտելով, որ այնուհանդերձ, այդ ընտրություններում հաղթանակը 11 հազար անկախ քաղաքացիների քվերակությունն է: Այդ ընտրություններից հետո, Արամ Մանուկյանը նշեց, որ զզվեց իշխանություններից, քանի որ սոված, թշվառ, խեղճ, նվաստ վիճակի են հասցրել ժողովրդին:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, բանախոսը պատասխանեց, որ այդ ընտրություններին հրահանգավորված է ներսում ոչ մի բան չանել, ինչ եղել է, արել են դրսերում՝ կաշառք բաժանելով, հիվանդներին քվերակության բերելով, ցուցակները լցնելով եւ Արտաշատից, Չարենցավանից մարդկանց քվեարկության բերելով: Նրա խոսքով՝ կաշառքի գործը բացահայտելը, ապացուցելը շատ դժվար է, հետաքննությունների շարք է պետք անել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
Գործող քաղաքապետը հավաքել է 13 079 ձայն, իսկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել: Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:




























