Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան իր զինվորականներին կուղարկի Մերձավոր Արևելքի երկրներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ պայքարելու համար։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպումից հետո Զելենսկին ասել է, որ խոսել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործընկերների հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարների հետ։
«Նրանք բոլորը լուրջ մարտահրավերի առջև են կանգնած և բացահայտ խոսում են դրա մասին. իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերը նույն «շահիդներն» են, որոնք այս պատերազմի չորս տարիների ընթացքում հարձակվել են մեր քաղաքների և գյուղերի, մեր ուկրաինական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինան կարող է օգնել կյանքերը պաշտպանելուն և իրավիճակը կայունացնելուն։ Մեր գործընկերներն այս հարցով դիմում են մեզ»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին կառավարությանը, ռազմական հրամանատարությանը և հետախուզության ղեկավարներին հանձնարարել է «ներկայացնել աջակցության տարբերակներ» Մերձավոր Արևելքի երկրների համար և օգնել նրանց այնպես, որ չթուլանա Ուկրաինայի պաշտպանությունը։
«Մեր զինվորականներն ունեն անհրաժեշտ կարողությունները։ Ուկրաինացի մասնագետները կաշխատեն տեղում, և թիմերն արդեն բանակցություններ են վարում այս հարցի շուրջ։ Մենք պատրաստ ենք օգնել պաշտպանելու կյանքերը, պաշտպանելու քաղաքացիական անձանց և աջակցելու իրավիճակի կայունացման և, մասնավորապես, տարածաշրջանում անվտանգ նավարկության վերականգնման իրական ջանքերին»,- ասել է նա։
Զելենսկին չի ճշգրտել, թե ուկրաինացի մասնագետները երբ են մեկնելու Մերձավոր Արևելք։ Մեկնող փորձագետների թիվը նույնպես չի ճշգրտել։





























