Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։
Նրա տվյալներով՝ վերքը թեթեւ է եղել, եւ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտի 5-ին լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման զինյալները հրթիռներ են արձակել Ակկո քաղաքից հարավ գտնվող իսրայելական Rafael ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Կազմակերպության տվյալներով՝ գրոհն իրականացվել է «ի պատասխան Լիբանանի տասնյակ քաղաքների եւ ավանների, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանների դեմ ուղղված Իսրայելի ագրեսիայի»։
Մարտի 4-ի գիշերը Al Jazeera հեռուստաալիքը, հղում կատարելով «Հեզբոլլահին», հաղորդել էր Հայֆայում գտնվող Իսրայելի ռազմածովային բազայի դեմ հրթիռային գրոհի մասին։ Մի քանի հրթիռներ են արձակվել նաեւ Քֆար Յուվալ բնակավայրի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր իսրայելական բանակի զինծառայողների մի խումբ։





























