Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան մարտի 9-ին բանակցություններ կվարեն Պարսից ծոցի պետությունների ղեկավարների հետ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ եվրոպական երկրները «մտահոգված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հնարավոր հետևանքներով», դրանց թվում՝ էներգակիրների գների բարձրացմամբ, միգրացիոն հոսքերի աճի ռիսկով և տարածաշրջանում մնացած ԵՄ քաղաքացիների իրավիճակով։ Ինչպես նշում է գործակալությունը, Բրյուսելն «անուղղակիորեն ներքաշվեց հակամարտության մեջ», երբ Կիպրոսի Ակրոտիրիի բրիտանական ռազմաբազան մարտի 2-ին անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկվեց։ Այդ ֆոնին ԵՄ իշխանությունները չեղարկեցին մարտ ամսին այժմ ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսում նախատեսված մի քանի հանդիպումներ, և գտնվում է հակամարտության գոտուն մոտ։ Բացի դրանից, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը համաձայնեցին համակարգել Կիպրոսին զենքի հնարավոր մատակարարումները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























