Ամերիկյան ՀՕՊ համակարգը, ենթադրաբար, սխալմամբ հարվածել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի բնակելի շենքերին։ Դեպքը տեղի է ունեցել ԱԹՍ-ների հարձակումը հետ մղելու ժամանակ, հայտնում է իրաքյան Rudaw հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը հրապարակել է սոցցանցերից վերցված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Patriot հրթիռը արձակումից հետո, ինչ-որ պատճառով, կտրուկ ընկնում բնակելի շենքերի վրա:

«Ենթադրաբար, Patriot հրթիռը սխալմամբ ընկել է տան վրա, ինչի հետևանքով կան մի քանի տուժածներ», - հայտնել է հեռուստաալիքը:

Թագավորության առողջապահության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի գիշերը Սիտրա թաղամասում տեղի ունեցած հարվածի հետևանքով տուժել է 32 մարդ, որոնցից չորսի վիճակը ծանր է։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի Մանամայի բազան զինված է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնցից յուրաքանչյուր որսիչ հրթիռն արժե 4 միլիոն դոլար։