Կատարը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները տնտեսական հետևանքներ կունենան ամբողջ աշխարհի համար։
«Էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները, որոնք արդեն տեղի են ունեցել - ընդ որում՝ երկու կողմից էլ - վտանգավոր նախադեպ են ստեղծում... դա լուրջ հետևանքների կհանգեցնի ամբողջ աշխարհում», - հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին։
Նրա խոսքով՝ Իրանն ուժեղացրել է Կատարի ենթակառուցվածքների վրա իր հարվածները։ «Քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները շարունակվում են... և մենք մերժում ենք այդ հարձակումների վերաբերյալ Իրանի ցանկացած արդարացում», - ընդգծել է ալ-Անսարին։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանի նախագահի ներողություն պարունակող հայտարարությունը չի ամրապնդվել իրական գործողություններով այն բանից հետո, երբ Բահրեյնի և ԱՄԷ-ի քաղաքները ենթարկվել են իրանական հրթիռների հարվածներին։
Առանձին հաղորդագրությամբ Կատարի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրը երկրի տարածքին ուղղված հրթիռ է որսացել: Մաջեդ ալ-Անսարին ընդգծել է, որ Իրանը պետք է դադարեցնի հարձակումները նախքան որևէ բանակցություն սկսելը:
Նրա խոսքով՝ շարունակվում են բոլոր կողմերի հետ շփումները՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության դադարեցմանը:
«Լավագույն լուծումը մեր էներգետիկ օբյեկտների վրա հասցվող հարվածների դադարեցումն է»,- ասել է ալ-Անսարին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցումը կարող է հնարավոր տարբերակ դառնալ, թե ոչ:
Նա նաև հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին ընդամենը մեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ:
Այդուհանդերձ, Թեհրանի հետ կապի ուղիներն ամբողջությամբ չեն խզվել, նշել է ալ-Անսարին։ Այժմ Դոհան կենտրոնացած է դեէսկալացիայի և հարձակումների դադարեցման վրա։
«Կատարի դեմ ցանկացած հարձակում կստանա համարժեք պատասխան», — հայտարարել է ալ-Անսարին։ «Իրանական ագրեսիայի հանդեպ դիմակայությունը դարձել է առաջնահերթություն՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը Կատարի և համաշխարհային տնտեսության վրա»։





























