Թրամփի վարչակազմը քննարկում է Ջոնսի օրենքի ժամանակավոր չեղարկման հարցը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Ջոնսի օրենքը պահանջում է, որ ԱՄՆ նավահանգիստներով անցնող ցանկացած բեռ տեղափոխվի միայն ԱՄՆ-ում կառուցված, ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավերով, որոնց անձնակազմը կազմված է ԱՄՆ քաղաքացիներից։

Տեղեկացվել է, որ 30-օրյա արտոնությունը կարող է վերաբերել նավթի, բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկացված բնական գազի եւ պարարտանյութերի առաքումներին։

«Ազգային պաշտպանության շահերից ելնելով՝ Սպիտակ տունը քննարկում է Ջոնսի օրենքի ժամանակավոր չեղարկման հարցը՝ կարեւորագույն էներգետիկ արտադրանքի անխափան մատակարարումն ապահովելու համար»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Գործակալությունն ավելացրել է, որ միջոցառումը քննարկվում է Իրանի հետ պատերազմի պատճառով, նավթի եւ բենզինի գների կտրուկ աճի ֆոնին։ Օրենքի չեղարկումը կարող է Արեւելյան ափի վարորդների համար վառելիքի գները նվազեցնել մոտ 10 ցենտով մեկ գալոնի համար։

Փորձագետները զգուշացնում են, որ արդյունքը կարող է սահմանափակ լինել, եւ նախաձեռնությունն ինքնին կարող է առաջացնել նավաշինական արդյունաբերության եւ Կոնգրեսում դրա կողմնակիցների քաղաքական դիմադրությունը։