Ֆրանսիացի ռեժիսոր եւ իլյուզիոնիստ Ժորժ Մելյեսը համարվում է գեղարվեստական կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկը եւ վաղ հատուկ էֆեկտների ռահվիրան։ 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին նա նկարահանել է ավելի քան հինգ հարյուր կարճամետրաժ ֆիլմ, սակայն այս ժառանգության զգալի մասը ժամանակի ընթացքում անհետացել է: Կինոգետների կարծիքով՝ նրա աշխատանքներից միայն մոտ երկու հարյուրն է պահպանվել: Վերջերս հետազոտողներին հաջողվել է վերակենդանացնել մեկ այլ ֆիլմ, որը երկար ժամանակ անդառնալիորեն կորած էր համարվում՝ 1897թ․ «Գուգյուսը եւ ավտոմատը» կարճամետրաժ ֆիլմը: Հայտնագործության մասին հաղորդել է «Popular Mechanics» պարբերականը:

Անսպասելի հայտնագործությունը կատարվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվներում: Գրադարանին նվիրաբերվել է հին, խիստ վնասված ժապավենների տուփ, որը տասնամյակներ շարունակ պահվել էր նկուղներում, մառաններում եւ ավտոտնակներում: Դրանք պատկանում էին ամերիկացի շրջիկ ֆիլմերի տարածող Ուիլյամ Դելայլա Ֆրիսբիի ժառանգներին: 20-րդ դարի սկզբին նա պրոյեկտորով ճանապարհորդում էր քաղաքից քաղաք, ցուցադրում վաղ շրջանի ֆիլմեր, հանդիսատեսին ծանոթացնում զվարճանքի այն ժամանակվա նոր ձեւին՝ շարժվող պատկերներին:

Ֆիլմերից մեկն ուսումնասիրելիս արխիվագետները հայտնաբերեցին մոտ քառասունհինգ վայրկյան տեւողությամբ կարճ հատված։ Կադրում պատկերված են աճպարար եւ մեխանիկական ավտոմատ՝ մարդանման սարք, որը նա կառավարում է։ Համեմատելով դեկորացիաները, զգեստները եւ նկարահանման յուրահատուկ տեխնիկան՝ փորձագետները եզրակացրել են, որ սա Մելյեսի վաղուց կորած ֆիլմն է։

Ֆիլմը հատկապես հետաքրքիր է կինոյի եւ գիտական ֆանտաստիկայի պատմության համար։ Այն պատկերում է մեխանիկական «մարդ»՝ ավտոմատ, ինչն այն դարձնում է արհեստական ​​մեխանիկական էակի ամենավաղ էկրանային պատկերումներից մեկը։ Հետաքրքիր է, որ «ռոբոտ» բառն ինքնին հայտնվել է միայն քսան տարի անց՝ 1920թ․։ Հետեւաբար, 19-րդ դարի վերջին նման մեխանիկական կերպարները կոչվում էին ավտոմատներ կամ ավտոմատոններ։

Կինոյի պատմաբանները նշել են, որ Մելյեսը՝ նախկին բեմական աճպարարը, առաջիններից մեկն էր, որ կինոն ընդունել է որպես ֆանտաստիկ պատրանքներ ստեղծելու գործիք։ Նա ակտիվորեն կիրառել է իր ժամանակի համար նորարարական տեխնիկաներ, ինչպիսին են մոնտաժը, տեսախցիկի տեղադրումը եւ վիզուալ այլ հնարքներ։

Այս փորձերը մեծապես ձեւավորել են վաղ կինոյի լեզուն եւ ազդելն գիտաֆանտաստիկ ժանրի զարգացման վրա։ «Գուգյուսը եւ ավտոմատը» ֆիլմի հայտնաբերումը նշանակալի իրադարձություն է հետազոտողների համար. այն վերականգնում է մշակութային ժառանգության կորած մի հատված եւ հիշեցնում է մեզ, թե որքան փխրուն են եղել վաղ կինոժապավենները։