Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին կհուղարկավորեն մարտի 22-ին՝ Թբիլիսիի Սիոնի տաճարում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուրբնիսիի և Ռուիսիի մետրոպոլիտ Իոբ սրբազանը:
«Այո՛, այո՛, նրան կհուղարկավորեն կիրակի օրը Սիոնի մայր տաճարում»,- ասել է Իոբ սրբազանը Սուրբ Սինոդի նիստի ավարտից հետո:
Հոգևորականի խոսքով՝ Սիոնի տաճարում հուղարկավորվելը հենց Իլիա II-ի կամքն է եղել։ Ինչպես հայտարարել է Իոբ սրբազանը, հուղարկավորության ժամանակ ներկա են գտնվելու նաև օտարերկրյա պատվիրակություններ։
Իլիա II-ը մահացել է մարտի 17-ի երեկոյան Թբիլիսիի կլինիկայում, ուր նրան տեղափոխել էին նախորդ գիշեր՝ ստամոքսային արյունահոսության պատճառով։ Օրվա ընթացքում բժիշկները պայքարել են 93-ամյա պատրիարքի կյանքի համար, հրավիրվել էր երկրի լավագույն մասնագետների կոնսիլիում, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Սուրբ Երրորդություն (Ծմինդա Սամեբա) մայր տաճարում։ Վրաստանում պատրիարքի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարված։
Իլիա II-ը Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել 1977 թվականին։ Նա Մոսկվայի հոգևոր ճեմարանի շրջանավարտ է։ Նրա գահակալության տարիներին վրաց եկեղեցու թեմերի թիվը 15-ից հասել է 47-ի։ Իլիա II-ի անվան հետ է կապվում Վրաստանի ամենամեծ տաճարի՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարի կառուցումը, որի բացումը տեղի է ունեցել 2004 թվականին։




























