ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ փետրվարի 22-ին նախատեսվում է ստորագրել համագործակցության համաձայնագիր, որով ակնկալվում է ոչ միայն փորձի փոխանակում, մասնագիտացված կադրերի նախապատրաստում եւ մասնակցություն համատեղ օպերացիաներին, այլեւ` նյութատեխնիկական օժանդակություն: Այսօր` փետրվարի 17-ին, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԽՔ-ից: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն նշել է, որ այժմ ընթանում է շինարարական կազմակերպությունների ընտրության մրցույթի վերջնական փուլը: Ներկայումս բանակցություններ են ընթանում «Եվրոպական հարեւանության ներդրումային գործիք» հիմնադրամի եւ միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների հետ` մոտ 17 մլն եվրո դրամաշնորհի ստացման ուղղությամբ:
«Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, եւ մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք` Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ: Այս զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկանյքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը»,- ասել է ԱԽՔ քարտուղարը:




























