Ըստ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) նոր վերլուծության՝ Իրանում պատերազմը կարող է կտրուկ վատթարացնել համաշխարհային պարենային ճգնաժամը առաջիկա երեք ամսվա ընթացքում՝ մոտ 45 միլիոնով ավելացնելով սովյալների թիվը, գրում է Live Science-ը։
Նման սցենարով՝ սուր պարենային անապահովության առջև կանգնած մարդկանց ընդհանուր թիվը կհասնի մոտ 363 միլիոնի՝ այժմյան 318 միլիոնի համեմատ։ Դա կլինի բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը և կգերազանցի նույնիսկ Ուկրաինայում պատերազմի սկզբի ցուցիչները, երբ պարենային անապահովության մակարդակը հասավ 349 միլիոնի։
Վերլուծաբանները որպես հիմնական ռիսկի գործոն նշում են մինչև տարվա կեսը հնարավոր երկարատև հակամարտությունը, որի դեպքում նավթի գները կմնան մեկ բարելի համար 100 դոլարից բարձր։ Այդ դեպքում համաշխարհային պարենային և վառելիքի շուկաները կհայտնվեն լուրջ ճնշման տակ, հատկապես ներմուծումից խիստ կախված երկրներում։
Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն ընդգծել է, որ ամենախոցելի ընտանիքները՝ նրանք, ովքեր այլևս չեն կարողանում իրենց թույլ տալ բավարար սնունդ, ամենաշատը կտուժեն, իսկ առանց լայնածավալ մարդասիրական աջակցության իրավիճակը կարող է վերածվել աղետի։
Լրացուցիչ հարված է հասցվել Հորմուզի նեղուցում նավագնացության գրեթե լիակատար դադարեցմանը, որով անցնում է աշխարհի նավթի, հեղուկ գազի և պարարտանյութերի մատակարարումների զգալի մասը։ Դա առաջացնում է գների բարձրացում և բացասական ազդեցություն սննդի շուկաների վրա։ Առանձնապես մտահոգիչ է պարարտանյութերին առնչվող իրավիճակը. աշխարհի պարարտանյութերի մատակարարումների մոտ մեկ քառորդն անցնում է այդ տարածաշրջանով, և խափանումները համընկնում են ենթասահարական Աֆրիկայում ցանքի սեզոնի մեկնարկի հետ։
Համաշխարհային պարենային ծրագրի վերլուծաբանները մոդելավորել են ազդեցությունը՝ հիմնվելով բնակչության օրական 2100 կալորիականությամբ սննդակարգը բավարարելու ունակության և երկրների կախվածության վրա էներգիայից և սննդի ներմուծումից։ Սննդային անապահովության ամենամեծ աճը սպասվում է Ասիայում, որտեղ տուժածների թիվը կարող է աճել 9,1 միլիոնով (մոտավորապես 24%)։ Զգալի վատթարացում է կանխատեսվում նաև Արևելյան և Հարավային Աֆրիկայում՝ 17,7 միլիոն մարդով, Կենտրոնական Աֆրիկայում՝ 10,4 միլիոնով, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ 5,2 միլիոնով, իսկ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 2,2 միլիոն մարդով։




























