Ադրբեջանը երբեք լիիրավ արդյունավետ ինքնիշխանություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ավելին իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը երբեք էլ Ադրբեջանի կազմում չի եղել:  Այդ մասին ասել է միջազգային իրավունքի փորձագետ Շահեն Ավագյանը` Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Վերջինս ներկայացրել է մի ամբողջ շարք միջազգային փաստաթղթեր, որոնք ապացուցում են այդ դրույթի իրավաչափությունը: Շահեն Ավագյանի փոխանցմամբ, առաջին կարեւորագույն փաստաթուղթը Ազգերի լիգայի կողմից մուսավաթական Ադրբեջանի անդամակցության հայտի մերժումն է, որում Ազգերի լիգան հիմնավորել էր, թե Ադրբեջանը չունի հստակ սահմաններ, իսկ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է:

1920թ. պայմանագրով, որ կնքվել էր Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, Լեռնային Ղարաբաղը կրկին որպես վիճելի տարածք է ներկայացվել, այլ ոչ որպես Ադրբեջանի մաս: Երրորդ պայմանագիրը Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված փաստաթուղթն է, որն ամրագրում էր, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է: Միայն այդ պայմանագրերից հետո հայտնվեց Քաղբյուրոյի հայտնի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ մտցվեց Ադրբեջանի կազմ:

Ըստ փորձագետի, Ադրբեջանը, 1991թ. անկախություն ստանալով, հրաժարվեց իրեն ճանաչել որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, եւ եթե լինեն որոշ մարդիկ, որ իրավաչափ համարեն քաղբյուրոյի ապօրինի որոշումը, անգամ այդ դեպքում հնարավոր չէ արդարացնել Ադրբեջան նկրտումները: 

«Միջազգային օրենքներով, Լեռնային Ղարաբաղն առնվազն վիճելի տարածք էր համարվում, իսկ բազմաթիվ բանաձեւերով ներկայացվում որպես առանձին գործոն»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղն ունի իշխանության երեք թեւերը, որոնք արդյունավետ աշխատում են, պետության բոլոր խորհրդանիշները:

Շահեն Ավագյանը նաեւ նշեց, որ այսօր հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում 3 սկզբունքներ են՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշան եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման: Այս սկզբունքներով, Լեռնային Ղարաբաղն անկախության լիակատար իրավունք ունի:

Փորձագետը նաեւ նշեց, թե բազմաթիվ իրավական հիմքեր կան՝ Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքն ապացուցելու համար, որոնք, ցավոք, չեն օգտագործվում: