Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) պատրաստվում է հրատարակել «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» ընդհանուր խորագրով վերլուծական եռամսյա հանդեսը, որի էջերում կտպագրվեն օրախնդիր թեմաներ արծարծող ուսումնասիրություններ, փորձագիտական հոդվածներ, պաշտոնական փաստաթղթեր եւ կարեւոր այլ նյութեր: Հանդեսը տարածվելու է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով:

ՌԱՀՀԿ-ի նոր հրատարակությունը հայերեն է եւ նպատակ ունի տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների լույսի ներքո հանգամանորեն ներկայացնել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, մարտահրավերների ու հեռանկարների համայնապատկերը` թարմ հայացքով մատուցվող գաղափարների, առաջարկների, այլընտրանքային մոտեցումների միջոցով, որոնք կարող են բանալի հանդիսանալ մեր պետության առջեւ ծառացած բազում կնճռոտ հարցերին լուծումներ որոնելու առումով: