Հորմուզի նեղուցի շրջափակումը իրավիճակի սրման կհանգեցնի սովից տառապող երկրներում, այդ թվում՝ Սուդանում, Հարավային Սուդանում, Աֆղանստանում, Եմենում և Սոմալիում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Նախագծերի սպասարկման գրասենյակի գործադիր տնօրեն Ժորժե Մորեյրա դա Սիլվան:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի հետևանքները «դուրս են գալիս հակամարտության մեջ ներգրավված երկրների սահմաններից»: Փորձագետը կարծում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման ամենալուրջ հետևանքներն իրենց վրա կզգան Ասիայի և Աֆրիկա մայրցամաքի զարգացող երկրները:

«Հորմուզի նեղուցի աշխատանքի խափանումները վտանգի տակ են դնում էներգակիրների մատակարարումները։ Դա անդրադառնում է պարարտանյութերի շուկայի վրա՝ սպառնալով պարենային անվտանգությանն այն երկրներում, որտեղ սովի կամ պարենային անկայունության մակարդակն ամենաբարձրն է, այդ թվում՝ Սուդանում, Հարավային Սուդանում, Աֆղանստանում, Եմենում և Սոմալիում»,- նրա խոսքերն է մեջբերում ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Սիլվայի գնահատականներով՝ դրա արդյունքում ամբողջ աշխարհում սովից տառապող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում «կավելանա տասնյակ միլիոններով»։ «Պարսից ծոցում պատերազմի [մասշտաբների] ընդլայնումը կարող է վտանգել նաև դրամական փոխանցումների հոսքերը, առաջին հերթին՝ դեպի Հարավային Ասիա»,- հավելել է նա։