Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները հինգ օրով դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը չի նշանակում հրաժարում հետագա հարձակումներից. Վաշինգտոնն ու Թել Ավիվը շարունակում են դիտարկել ավելի կոշտ սցենարներ, այդ թվում՝ Խարգ կղզու գրավումը և բարձր հարստացված ուրանի պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ցամաքային ուժերի ուղարկումը, գրում է New York Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ինչպես նշում է թերթը, նույնիսկ հայտարարված դադարի ֆոնին ԱՄՆ-ն ու Իսրայելը շարունակում են այլ հարվածներ հասցնել Իրանին, իսկ տարածաշրջան են ուղարկվում լրացուցիչ ամերիկյան ուժեր։ Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես կշռադատում է գործողության զարգացման ավելի ագրեսիվ տարբերակները։
New York Times-ի փոխանցմամբ՝ քննարկվող սցենարների թվում են Խարգ կղզու գրավման գործողությունը, որով անցնում է իրանական նավթի արտահանման հիմնական մասը, ինչպես նաև ամերիկյան ցամաքային ուժերի հնարավոր ուղարկումը՝ բարձր հարստացված ուրանի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար։
Թերթը գրում է, որ ամերիկյան և իրանական ներկայացուցիչների միջև առաջին շփումներից հետո, Թրամփը որոշել է հետաձգել իրանական էլեկտրակայաններին հասցվող հարվածները, հայտարարելով «արդյունավետ զրույցների» մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում է պարբերականը, ամերիկացի պաշտոնյաներն այդ շփումները համարում են «ամենավաղ փուլում գտնվող և ոչ բովանդակային», իսկ Թեհրանը հրապարակայնորեն հերքում է զինված հակամարտության ավարտի պայմանների շուրջ բանակցությունները։
Ըստ թերթի տեղեկությունների՝ վերջին օրերին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղիղ կապի մեջ է եղել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։ Պարբերականը գրում է, որ Իրանում այս շփումները դիտարկում են ավելի շուտ որպես դեէսկալացիայի հնարավորությունները «շոշափելու» և կրիտիկական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հետագա հարվածները կանխելու փորձ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը անցկացրել են շատ դրական և արդյունավետ բանակցություններ։ Նա նշել է, որ հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր-Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, իսկ լուրերում հայտնված ֆեյքերը ծառայում են շուկաներում մանիպուլյացիայի տարածման համար։




























