Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային ծովային կազմակերպությանը տեղեկացրել է, որ իրանական իշխանությունների հետ իրենց գործողությունները համաձայնեցնելու դեպքում՝ «ոչ թշնամական նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Reuters-ի ձեռքի տակ հայտնված հաղորդագրության մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը գրեթե ամբողջությամբ կանգնեցրել է նեղուցով համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի պաշարների մոտ մեկ հինգերորդի տեղափոխումը, ինչը հանգեցրել է նավթի մատակարարման խափանումների։

Իրանի ԱԳՆ-ի հուշագիրը կիրակի օրը ուղարկվել է Անվտանգության խորհրդի 15 անդամներին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Այնուհետև՝ երեքշաբթի օրը, այն փոխանցվել է Լոնդոնում տեղակայված ՄԱԿ-ի ծովային նավագնացության գործակալության 176 անդամներին, որը պատասխանատու է միջազգային փոխադրումների անվտանգության կանոնակարգման և շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման համար։

«Ոչ թշնամական նավերը, այդ թվում՝ այլ պետություններին պատկանող կամ դրանց հետ կապված նավերը, կարող են օգտվել Հորմուզի նեղուցով անվտանգ անցման հնարավորությունից՝ իրանական իրավասու մարմինների հետ համակարգմամբ։ Դա թույլատրելի է այն պայմանով, որ նրանք չեն մասնակցում և չեն սատարում Իրանի դեմ ուղղված ագրեսիայի գործողություններին, ինչպես նաև լիարժեքորեն պահպանում են անվտանգության և պահպանության սահմանված կանոնները»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ Իրանը «ձեռնարկել է անհրաժեշտ ու համաչափ միջոցներ, որպեսզի թույլ չտա ագրեսորներին և նրանց աջակիցներին օգտագործել Հորմուզի նեղուցը՝ իր դեմ թշնամական գործողություններ իրականացնելու նպատակով»։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ին կամ Իսրայելին, ինչպես նաև «ագրեսիայի մյուս մասնակիցներին պատկանող նավերը, սարքավորումները և ցանկացած տեսակի գույք չպետք է հավակնեն խաղաղ կամ ոչ թշնամական անցման»։