Ավստրալիան ժամանակավորապես կարգելի զբոսաշրջային վիզա ունեցող Իրանի քաղաքացիների մուտքը երկիր։ Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Թոնի Բերքը՝ նշելով, որ Իրանից ժամանած հյուրերը, հնարավոր է, «ի վիճակի չլինեն կամ դժվար թե կարողանան լքել Ավստրալիան՝ իրենց վիզաների ժամկետի ավարտից հետո»։

Արգելքն ուժի մեջ կմտնի հինգշաբթի օրվանից և կգործի վեց ամիս։ Որոշ իրանցիներ դեռևս կկարողանան մեկնել Ավստրալիա, մասնավորապես՝ երկարաժամկետ վիզա ունեցողները, ինչպես նաև նրանք, ում զավակները կամ ամուսինները գտնվում են այդ երկրում։

«Գլոբալ պայմանների արագ փոփոխության իրավիճակում կառավարությունը գործում է ազգային շահերից ելնելով», — ասել է Բերքը։

Նախարարի փոխանցմամբ՝ ներկայումս զբոսաշրջային վիզա ունեցող իրանցիների թիվը հասնում է 7000-ի։

Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Ավստրալիան քաղաքական ապաստան էր տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի յոթ անդամների, սակայն նրանցից միայն հինգն էին հետագայում փոխել իրենց որոշումն ու հրաժարվել փախստականի կարգավիճակ ստանալու հայտից։

Ավստրալիայի «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, սենատոր Դեյվիդ Շոուբրիջը չորեքշաբթի օրվա որոշումն անվանել է «դաժան և անարդար քայլ»։ Ըստ նրա՝ սա նպատակ ունի կանխել այլ իրանցիների մուտքը երկիր, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեղում պաշտպանություն հայցել, ինչպես դա արել են ֆուտբոլիստուհիները։

«Ավտորիտար երկրներից ապաստան փնտրողների ճնշող մեծամասնությունը նախ մուտքի վիզա է ստանում, իսկ ժամանելուն պես՝ դիմում ապաստան ստանալու համար», — նշել է Շոուբրիջը։ — «Իրանում մարդկանց չափազանց քիչ թվով արտասահմանյան հումանիտար վիզաներ են տրամադրվում, քանի որ նման դիմումն ինքնին նրանց անմիջապես Իրանի կառավարության թիրախ կդարձներ»։