Հաղորդվում է, որ հնդկական նավթավերամշակող ընկերությունները շուրջ 60 միլիոն բարրել ռուսական նավթ են գնել հաջորդ ամսվա մատակարարման համար։ Սա որոշակիորեն մեղմում է մատակարարումների հետ կապված մտավախությունները այն ժամանակահատվածում, երբ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը խոչընդոտում է նավթի հոսքերը։

Bloomberg գործակալության տեղեկություններով՝ մատակարարումները պատվիրվել են Brent տեսակի նավթի փոխարեն՝ մեկ բարրելի դիմաց 5-ից 15 դոլար հավելավճարով (պրեմիում)։ Ըստ Kpler վերլուծական ընկերության զեկույցի՝ այս ծավալը համադրելի է ընթացիկ ամսվա գնումներին, սակայն ավելի քան երկու անգամ գերազանցում է փետրվարյան ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, հնդկական Reliance Industries-ը, որը տնօրինում է աշխարհի խոշորագույն նավթավերամշակող համալիրը, 5 միլիոն բարրել իրանական նավթ է գնել։ Ըստ Reuters-ի իրազեկ աղբյուրների՝ գործարքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից նավթային պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումից մի քանի օր անց։

Ինչպես հայտնում են երկու իրազեկ աղբյուրներ, հնդկական նավթավերամշակող գործարանը նավթ է գնել Իրանի ազգային նավթային ընկերությունից։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ նավթի գինը մեկ բարրելի դիմաց մոտ 7 դոլարով գերազանցել է ICE Brent ֆյուչերսների արժեքը։ Այս պահին դեռևս հստակ չէ, թե երբ կիրականացվի մատակարարումը։

Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ 30 օրով արգելել են Հնդկաստանին հում նավթ գնել Մոսկվայից, քանի որ Իրանի դեմ պատերազմը խաթարում է համաշխարհային մատակարարումները։ Ակնկալվում է, որ ռուսական նավթից հրաժարվելը կօգնի մեղմել համաշխարհային շուկայում առաջացած խնդիրները, քանի որ Հնդկաստանն աշխարհում չորրորդն է նավթավերամշակման ծավալներով և հինգերորդը՝ նավթամթերքի արտահանմամբ։