Երեւանի Դավիթաշենի վարչական շրջանի 5-րդ ընտրատարածքում պատգամավորի հնարավոր թեկնածուների շուրջ ինտրիգը շարունակվում է. իսկ հնարավոր թեկնածուներն են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Գրիգորյանը եւ նրա հարազատ հորեղբայր, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը: Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 5-րդ ընտրատարածքում իրենք թեկնածու չեն առաջադրելու եւ այն «նվիրում է» իր վաղեմի բարեկամ Վլադիմիր Գասպարյանին` ով ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի աներն է:

Այս լուրերին անդրադառնալով, Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ, ըստ երեւույթին, ԲՀԿ-ն իր ուժերը ճիշտ է գնահատել, դրա համար էր հրաժարվել է այդ ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մտքից: «Չգիտեմ, թե  Գագիկ Ծառուկյանն ինչ է ասել, բայց գտնում եմ, որ ամենայն հավանականությամբ, իրենք իրենց ուժերը  ճիշտ են գնահատել եւ որոշել են չառաջադրվել»,-ասաց նա, հավելելով, որ հորեղբոր` ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի հետ այս թեմայով չի զրուցել:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ, ով նշեց, որ ԲՀԿ-ում առաջադրվել-չառաջադրվելու հարցը դեռ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումներին անդրադառնալով, ասաց. «Ես խոսակցությունները չեմ մեկնաբանում»: 

Ավելի վաղ` Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ներկա ղեկավար Արթուր Գեւորգյանը համոզմունք էր հայտնել, որ եթե ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ապա Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ով նաեւ իր հորեղբայրն է, նույն ընտրատարածքում չի առաջադրվի:

Իսկ վերջինս արձագանքելով իր եղբորորդի Արթուր Գեւորգյանի այն համոզմանը, թե իր հորեղբայրը չի առաջադրվի, եթե ինքն առաջադրվի, ասաց. «Ես չգիտեմ ինքն ինչ ա ասել, թե չի ասել: Ինձ բացի իմ կուսակցության առաջնորդից մեկ էլ քաղխորհրդից ոչ ոք չի կարող ասել թեկնածությունդ դիր կամ մի դիր:

Իսկ մնացածն արդեն բարոյական դաշտի խնդիր է, արյան գաղափարի խնդիր է: Այդ ժամանակ արդեն առաջնայինը ես, որ պես այդ դաշտի մարդ, իմ քաղաքական կարծիքը կհայտնեմ իմ քաղաքական առաջնորդի հետ միասին: Ներկա պահին բավարարվեք այդքանով»: