Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը խոստանում է կանխել անձնագրերի տվյալներ եւ ստորագրություններ հավաքելու «ինքնագլուխ» փորձերը, եթե այդ ահազանգերը հիմնավորվեն: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց վարչական շրջանում բնակիչներից ստորագրություններ եւ անձնագրային տվյալներ են հավաքում «Քեթրին» հիմնադրամի տնօրեն Արթուր Սարգսյանին նույն համայնքի թիվ 3 ընտրատարածքում առաջադրելու համար:
Նա հայտարարեց, որ առաջաին անգամ մեզանից է լսում անձնագրերի տվյալներ հավաքելու փաստի մասին, ապա հավելեց. «Ասենք թե անձնագրի տվյալները հավաքեցին, ինչների՞ն է դա պետք»:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, ով հիմնադրամ է հիմնել եւ ամեն ինչ անում է, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրությունների ժամանակ սատարի Արթուր Սարգսյանին, դրա համար էլ բնակիչներից փորձում են շատ ստորագրություններ հավաքել, որ ՀՀԿ-ին ցույց տան, թե բնակիչները շատ են ցանկանում, որ Արթուր Սարգսյանը դառնա իրենց տարածքի պատգամավորը, նա արձագանքեց. «Կուսակցությունը նման խնդիր չի դրել: Մեր ինչի՞ն է պետք այդ անձնագրերի տվյալները: Եթե անձանագրի տվյալներ պետք լինի, անձնագրայինից կվերցենք, ինչու ենք բնակիչներից հավաքում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ստորագրությունների ու անձնագրի տվյալների դիմաց բնակիչներին խոստանում են վերանորոգել իրենց շենքերի մուտքերը, ծերերին ու անապահով ընտանիքներին հագուստ եւ սննդամթերք բաժանել, Արային Քոթանջյանն ասաց. «Խոստանում են` թող անեն: Դա էլ կմնա էտ ժողովրդի օգուտը, բայց ես էլի չեմ հասկանում, թե տվյալ անձնագրի պատճեն կամ  անձնագիրն ինչներին է պետք: Վարչական շրջանի ՀՀԿ կառույցը ես եմ ղեկավարում: Ինձ որ բերեն տան էլ այդ տվյալները, ծիծաղս կգա: Բայց, եթե որեւէ մեկը նման գործընթաց է իրականացնում, 100 տոկոսով չբացառեմ, հիմար բան է անում, ինքնագլուխ եւ  անպայման կկանխենք»:

Նա նաեւ անկեղծացավ, որ մի քանի տարի առաջ իրեն ընդամենը 4-րդ դասարանն ավարտած բնակիչներից մեկն անձնագրեր է առաջարկել, իսկ ինքը հրաժարվել է, ասելով, թե դա իրեն պետք չէ: