Սպիտակ տնից հայտնել են, որ Դոնալդ Թրամփը կարող է դիմել արաբական երկրներին՝ խնդրելով հոգալ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի կրած ծախսերը։ Այդ ծախսերը տասնյակ միլիարդավոր դոլարներ են կազմում և նախագահը Կոնգրեսից լրացուցիչ 200 մլրդ դոլար է խնդրել։

Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը երկուշաբթի օրը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք արաբական պետությունները պետք է վճարեն ներկայիս պատերազմի համար (1990-1991 թվականների «Անապատի փոթորիկ» գործողության օրինակով)։ Այն ժամանակ ԱՄՆ դաշնակիցներն օգնել են ֆինանսավորել ամերիկյան զորքերի գլխավորած բազմազգ ուժերի կողմից Քուվեյթի ազատագրումը։ «Կարծում եմ, որ նախագահը մեծ հետաքրքրությամբ հանդես կգա նման խնդրանքով,- Al Jazeera-ն մեջբերում է Լևիթի խոսքերը։- Չէի ցանկանա առաջ անցնել նրանից այս հարցում, բայց միանշանակ գիտեմ, որ նա նման գաղափար ունի, և կարծում եմ՝ դուք դեռ կլսեք այդ մասին հենց իրենից»։

Պենտագոնի ներկայացուցիչները Կոնգրեսին տեղեկացրել են, որ Իրանի դեմ գործողության առաջին վեց օրվա ծախսերը կազմել են 11,3 մլրդ դոլար։ Ռազմավարական և պաշտպանական հետազոտությունների կենտրոնի գնահատմամբ՝ պատերազմի առաջին 12 օրվա ընթացքում այդ ցուցանիշը հասել է 16,5 մլրդ դոլարի։ Եթե հիմնվենք վերջին տվյալների վրա, ապա պատերազմի մեկ օրն ԱՄՆ-ի համար միջինը արժենում է 1,38 մլրդ դոլար, թեև այս թիվը կարող է էապես տատանվել՝ կախված մարտական գործողությունների ինտենսիվությունից, կիրառվող զինատեսակների քանակից ու հզորությունից, ինչպես նաև ներգրավված ուժերի մասշտաբներից։

Թրամփը, միևնույն ժամանակ, Կոնգրեսից խնդրել է լրացուցիչ 200 մլրդ դոլար հատկացնել՝ ռազմական արշավի և դրա ընթացքում սպառված զինամթերքի պաշարների համալրման համար։

35 տարի առաջ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ տարածաշրջանի երկրներն ու կոալիցիայի անդամները, այդ թվում՝ Գերմանիան և Ճապոնիան, 54 մլրդ դոլար են հավաքել՝ ԱՄՆ-ի մասնակցության ծախսերը հոգալու համար (այսօրվա փոխարժեքով դա կազմում է շուրջ 134 մլրդ դոլար)։ Սակայն այն ժամանակ կոալիցիան ՄԱԿ-ի մանդատ է ունեցել և պետք է Քուվեյթն ազատագրեր երկիր ներխուժած իրաքյան զորքերից։ Այժմ ԱՄՆ-ն ու Իսրայելը, առանց որևէ մեկի աջակցության, միանձնյա ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։

Ներկայիս արշավի ընթացքում մի քանի անգամ արդեն բարձրացվել է պատերազմի ծախսերը վճարելու հարցը։ Թրամփին մոտ կանգնած աջակողմյան մեկնաբան Շոն Հենիթին հայտարարել է, որ Իրանն իր նավթով պետք է փոխհատուցի ԱՄՆ-ի ռազմական ծախսերը։ Թեհրանը պատերազմի դադարեցման պայմաններում նշել է նաև ռեպարացիաները, որոնք ԱՄՆ-ն պետք է վճարի երկրին հասցված ավերածությունների համար։

Պարսից ծոցի երկրներն իրենք էլ զգալի կորուստներ են կրում պատերազմի և իրանական հրթիռների ու անօդաչուների հարվածների պատճառով։ Օրինակ՝ բնական հեղուկ գազի՝ աշխարհի խոշորագույն համալիրի վնասված երկու արտադրական գծերի վերանորոգումը միայն 26 մլրդ դոլար կարժենա և կտևի երեքից հինգ տարի։ Այս մասին Reuters-ին հայտնել է QatarEnergy-ի գլխավոր տնօրեն և Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին։