Մերձավորարևելյան հակամարտության պատճառով արաբական երկրները կարող են գրեթե 200 մլրդ դոլար կորցնել, ինչը լուրջ հարված կհասցնի տարածաշրջանի տնտեսական աճին։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) զեկույցին։
«Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի կարճատև դրսևորումը կարող է խորը և լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական հետևանքների հանգեցնել բոլոր արաբական պետությունների համար»,- կարծում են փորձագետները։ Նրանց գնահատմամբ՝ տարածաշրջանում գործազրկության մակարդակը կարող է աճել մինչև չորս տոկոսային կետով, ինչը կհանգեցնի շուրջ 3,6 մլն աշխատատեղի կորստի և մոտ 4 մլն մարդու աղքատացման։
Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ԾԱՊՀԽ) երկրները՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան, ըստ հաշվարկների, կկորցնեն ՀՆԱ-ի ավելի քան 5,2%-ը։



























