Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը հանգեցրել է հելիումի դեֆիցիտի, ինչը վտանգի տակ է դնում չիպերի, անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և բժշկական սարքավորումների աշխատանքը։ Այս մասին մարտի 30-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

«Կատարում հեղուկ բնական գազի մատակարարումների ընդհատումներն ուղղակիորեն սահմանափակել են հելիումի հումքի մատակարարումները։ Կատարն իր հելիումի գրեթե ողջ ծավալն արտահանում է Հորմուզի նեղուցով, որը կենսական նշանակություն ունեցող ապրանքային գերմայրուղի է և այժմ կաթվածահար է եղել հակամարտության պատճառով»,- ասված է հրապարակման մեջ։

Իրավիճակը վատթարանում է Կատարի ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքով։ Մարտի սկզբին Ռաս Լաֆան քաղաքի հեղուկ բնական գազի (ՀԲԳ) գործարանին իրանական հարվածները զգալի վնաս են հասցրել, ինչը 14%-ով կրճատել է հելիումի տարեկան արտահանումը։ Նշվում է, որ հզորությունների վերականգնման համար կարող է մինչև հինգ տարի պահանջվել, նույնիսկ եթե մարտական գործողությունները դադարեցվեն մոտ ժամանակներս։

Դեֆիցիտն արդեն իսկ հանգեցրել է մատակարարումների նորմավորման համակարգի ներդրմանը։ Ամերիկյան Airgas ընկերությունը հայտարարել է ֆորսմաժորային իրավիճակի մասին՝ տեղեկացնելով հաճախորդներին, որ ի վիճակի է բավարարել սովորական պահանջարկի միայն կեսը։ Բացի այդ, ընկերությունը զգալի հավելավճար է սահմանել՝ 13,50 դոլար յուրաքանչյուր 100 խորանարդ ֆուտ գազի համար (պայմանագրային գնից զատ)։