ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այն մասին, թե արդյոք կիրագործի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ աղազերծման կայանները ոչնչացնելու իր սպառնալիքը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը։

Վաշինգտոնի վարչակազմում պորտալի աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետության էլեկտրակայանները և ենթակառուցվածքային այլ օբյեկտները, ներառյալ աղազերծման կայանները, ոչնչացնելու պատրաստակամության մասին ամերիկյան առաջնորդի հայտարարությունները նպատակ ունեն «ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի վերջինս բանակցությունների գնա»։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնյայի վարկածի, ամերիկյան առաջնորդը դեռևս նման հարվածներ հասցնելու «որոշում չի կայացրել» և ցանկանում է, որ ԱՄՆ գործողություններն այս պատերազմում «համաչափ լինեն»։ Ինչպես պնդում է աղբյուրը, ԱՄՆ նախագահը «զայրացել է, երբ Բիբին (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն) մի քանի շաբաթ առաջ հարված էր հասցրել Իրանում գտնվող աղազերծման կայանի վրա»։

Հրապարակման մեջ արձանագրվում է, որ իրանական ջրամատակարարման օբյեկտներին հասցված հարվածն ամերիկյան առաջնորդի համար կլինի «ռազմական հակամարտության ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված օրենքների և նորմերի ամենախայտառակ խախտումը»։ Պորտալը փաստում է, որ ԱՄՆ նախագահը արհամարհական վերաբերմունք է դրսևորում այդ նորմերի նկատմամբ։

ԱՄՆ առաջնորդը մարտի 30-ին հայտարարել է, որ եթե պայմանավորվածություններ ձեռք չբերվեն՝ Միացյալ Նահանգները կոչնչացնեն Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը, Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին, ինչպես նաև բոլոր աղազերծման կայանները։ Նա պնդել է, թե ամերիկյան կողմը բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը Պակիստանի և այլ միջնորդների միջոցով ԱՄՆ-ից բանակցություններ վարելու առաջարկ է ստացել, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ շփումներ չեն եղել։