Հեզբոլլահի գրոհայինների հետ հակամարտության ավարտից հետո՝ Իսրայելը բուֆերային գոտի կստեղծի Հարավային Լիբանանի տարածքում և կպահպանի մինչև Լիտանի գետն ընկած ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Գործողության ավարտին Իսրայելի պաշտպանության բանակը կվերահսկի մինչև Լիտանի գետն ընկած տարածքը, ներառյալ Լիտանիի վրայով անցնող մնացած կամուրջները, միաժամանակ լիկվիդացնելով այդ շրջան ներթափանցած «Ռադվան» ուժերը և ոչնչացնելով այնտեղ գտնվող ողջ սպառազինությունը»,- ասված է Կացի հայտարարության մեջ, որն արվել է անվտանգության ոլորտում իրավիճակի գնահատման արդյունքներով։ Նա դա անվանել է «անվտանգության գոտի»։

Կացը նշել է, որ դեպի հյուսիս տարհանված Լիբանանի ավելի քան 600,000 բնակիչները չեն կարողանա վերադառնալ Լիտանիից հարավ ընկած տարածքներ, քանի դեռ երաշխավորված չէ Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների անվտանգությունը։

Այդ նպատակով, «լիբանանյան սահմանամերձ գյուղերի բոլոր տները կոչնչացվեն Գազայի Ռաֆահի և Բեյթ Հանունի մոդելով, որպեսզի Իսրայելի հյուսիսի բնակիչների համար ընդմիշտ վերացվեն սահմանի մոտ առկա սպառնալիքները»։