ԱՄՆ զինված ուժերն ակտիվացնում են Գրենլանդիայում ավելի լայն հասանելիություն ապահովելու ջանքերը, ինչը հստակ ազդանշան է այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը արկտիկական այս հսկա կղզու նկատմամբ չի մարում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում երեք լրացուցիչ բազաների հասանելիություն ստանալու շուրջ, ներառյալ երկուսը, որոնք նախկինում լքվել էին ամերիկացիների կողմից։ Ըստ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ Գրեգորի Գիյոյի՝ սա կլինի վերջին տասնամյակների ընթացքում Գրենլանդիայում ԱՄՆ ներկայության առաջին ընդլայնումը։

ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գիյոն մարտի կեսերին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ օրենսդիրներին հայտնել է, որ զինվորականները ցանկանում են «ընդլայնել Գրենլանդիայի տարբեր բազաների նկատմամբ իրենց հասանելիությունը, քանի որ տեսնում են աճող սպառնալիքը և կղզու ռազմավարական նշանակությունը։

«Ես աշխատում եմ մեր դեպարտամենտի և այլ կազմակերպությունների հետ, որպեսզի փորձենք ավելի շատ նավահանգիստներ ու օդանավակայաններ կառուցել։ Դա մեր քարտուղարին և նախագահին ավելի շատ հնարավորություններ կընձեռի, եթե դրանք մեզ անհրաժեշտ լինեն Արկտիկայում», - հավելել է գեներալ Գիյոն։

Պարբերականի կարծիքով՝ ԱՄՆ-ի այս հայտը Դանիային դնում է բարդ կացության մեջ։ Գրենլանդիան կիսաինքնավար տարածք է, որն ավելի քան 300 տարի Դանիայի թագավորության մաս է կազմում։

Միևնույն ժամանակ, Թրամփը կենտրոնացել էր Գրենլանդիան ձեռք բերելու վրա և ամիսներ շարունակ սպառնում էր ուժ կիրառել, նախքան հունվարին զիջումների գնալը։ Դանիայի կառավարությունը հղում է արել 1951 թվականի դանիա-ամերիկյան պաշտպանական դաշնագրին՝ Թրամփի սպառնալիքներին դիմակայելու համար՝ նշելով, որ ԱՄՆ-ն արդեն իսկ լայն ռազմական հասանելիություն ունի։

Այժմ ամերիկյան պաշտոնյաներն օգտագործում են հենց այս նույն համաձայնագիրը՝ իրենց գործունեության ընդլայնման ծրագրեր մշակելու համար։ Փորձագետները նշում են, որ Դանիան քիչ բան կարող է անել նրանց խոչընդոտելու համար, նույնիսկ եթե Միացյալ Նահանգների և Դանիայի միջև վստահությունը սասանվել է կամ նույնիսկ վերջնականապես խզվել։

Հունվարին դանիացիները նույնիսկ ծրագրում էին պայթեցնել Գրենլանդիայի օդանավակայանները՝ ամերիկյան ներխուժումը կանխելու համար, ինչի պատճառով հիմա նրանց համար կարող է անցանկալի լինել ամերիկյան զորքերի թվաքանակի ցանկացած ավելացումը։

ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության մամուլի քարտուղար Թերեզա Մեդոուզը հայտնել է, որ ռազմական ծրագրողներն ուշադրության կենտրոնում են պահում Գրենլանդիայի հարավում գտնվող Նարսարսուակ քաղաքը, որն ունի խորջրյա նավահանգիստ, և հարավ-արևմուտքում գտնվող Կանգերլուսուակը, որտեղ արդեն մեծ ինքնաթիռներ ընդունելու ունակ երկար թռիչքուղի կա։

Երկու վայրերն էլ ամերիկյան բազաներ են եղել Երկրորդ համաշխարհային և Սառը պատերազմների ժամանակ, սակայն փոխանցվել են Դանիայի և Գրենլանդիայի իշխանություններին այն բանից հետո, երբ ամերիկացիները լքել են Նարսարսուակը 1950-ականներին, իսկ Կանգերլուսուակը՝ 1990-ականներին։

Դրանց ռազմական ենթակառուցվածքների մեծ մասն ապամոնտաժվել է, թեև երկու օբյեկտներում էլ դեռևս փոքր օդանավակայաններ են գործում։ Պենտագոնի ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե որքան զինծառայող կուղարկվի կղզի։ Գեներալ Գիյոն նշել է, որ զինվորականներին բազաներն անհրաժեշտ են հատուկ գործողությունների և «ծովային կարողությունների» համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան օկուպացված է եղել նացիստների կողմից, Միացյալ Նահանգներն օգնել են պաշտպանել Գրենլանդիան։ Նրանք հազարավոր զինվորականներ են ուղարկել և ավելի քան մեկ տասնյակ ռազմաբազաներ են բացել, որոնցից շատերը շարունակել են գործել նաև Սառը պատերազմի տարիներին։

Ներկայումս ակտիվ է մնում միայն մեկ բազա՝ հակահրթիռային պաշտպանության հեռակա կայանը։ Այն մի քանի հարյուր հոգանոց անձնակազմ ունի։ Այնուամենայնիվ, Թրամփը, կարծես թե, լի է վճռականությամբ և պատրաստվում է փոխել այս իրավիճակը։ Անցյալ տարի նրա սպառնալիքները՝ «այս կամ այն կերպ ձեռք բերել» Գրենլանդիան, ճգնաժամ առաջացրին Եվրոպայում։ Այս պահին այդ ճգնաժամը մեղմացել է, քանի որ նախագահը կլանված է եղել Իրանի դեմ պատերազմով։ Սակայն շատ եվրոպացիներ, այդ թվում՝ Դանիայի առաջնորդ Մետտե Ֆրեդերիկսենը, վախենում են, որ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիայի վերաբերյալ իր գաղափարից, ինչը կարող է ևս մեկ անգամ անկյունում թողնել Դանիային։

Առայժմ բազայի ընդլայնման շուրջ բանակցությունները, կարծես թե, հարթ են ընթանում։ Գեներալ Գիյոն Կոնգրեսում ունեցած իր ելույթի ժամանակ հղում է արել 1951 թվականի համաձայնագրին, և երբ դեմոկրատ օրենսդիրները հարցրել են նրան, թե արդյոք Դանիան կամ Գրենլանդիան որևէ խոչընդոտ են ստեղծել, նա բացասական պատասխան է տվել։