«Ախթալայի լեռնահարստման կոմբինատի» աշխատակիցները բաց նամակ են հղել երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, որտեղ նշում են, որ «ճգնաժամային մակարդակի» ցածր աշխատավարձ են ստանում:

Նամակում ասվում է.

«Հունվարյան տոներին մեր աշխատած եւ ճիշտ չհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցին մեր համբերության բաժակի լցվելուն եւ ուզում ենք Ձեզ ներկայացնել «Ախթալայի լեռնահարստման կոմբինատում» ստեղծված իրավիճակը, խնդրելով Ձեզ, որպես երկրի նախագահի համապատասխան մարմինների միջոցով լուծում տալ մեզ եւ կոմբինատի մի քանի հարյուր աշխատողներին հուզող հարցերին.

1.2012 թվականի հունվարի աշխատավարձը էապես տարբերվում է 2011 թվականի հունվարին վճարված աշխատավարձից, ինչը մեր կարծիքով հետեւանք է տոնական օրերին մեր աշխատավարձի դիմաց ճիշտ չհաշվարկելուն:

2. Այն ժամանակ, երբ պղնձի գները իջան մինչեւ 3500 դոլար, մեր աշխատավարձերը կրճատեցին 20 տոկոսի չափով, իսկ այսօր, երբ պղնձի գները 8500 դոլար է, մեր աշխատավարձերը մնում են ճգնաժամային մակարդակի վրա:

3.Տարիներ շարունակ մեզ չի տրամադրվում բանվորական արտահագուստ, օրենքով հասանելի սնունդ, կաթ եւ պայմաններ չեն ստեղծված գոնե ընդմիջման ժամանակ մեր կողմից տարված սնունդը ընդունելու:

4.Թեեւ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ստացվող գերշահույթներին, լուրջ կապիտալ ներդրումներ չեն կատարվում, այդ թվում նաեւ տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով:

5.Մի շարք արտադրամասերում, օրինակ ջարդման արտադրամասում չեն պահպանվում սանիտարական նորմերը եւ հարյուրավոր մետրերի վրա լայն շերտով նստող պղնձափոշին նստում է նաեւ մարդկանց թոքերին , իսկ լաբորատիորիայի աշխատողները ընդգրկված չեն վնասակար աշխատողների ցանկում:

6.Թեեւ կոմբինատի կողմից հաստատվող 140.000 դրամ միջին աշխատավարձի, այդքան աշխատավարձ ստանում են միայն հորատող բանվորները, իսկ մնացածի աշխատավարձը` 35-50 հազար դրամ է եւ ի հաշիվ վնասակար եւ թունավոր արտադրամասերում աշխատելու գործակիցների, կազմում է 80-120 հազար դրամ, եւ սա այն դեպքում , երբ «Ախթալայի ԼՀԿ»-ն ավելի շատ արտադրանք է տալիս, քան Վանաձորի բոլոր ձեռնարկությունները վերցրած:

7.Մեր կյանքի եւ առողջության համար մեծ վտանգ է Շամլուղի բաց հանքի առկայությունը, որը շահագործվում է առանց համապատասխան տեխնիկական հիմնավորումների եւ մեծ է վտանգը, որ կարող է լինել մեծ սահք, որի արդյունքում հողի տակ կարող են մնալ տասնյակ աշխատողներ, եւ ծանր տեխնիկա:

8.Ախթալայի եւ Շամլուղի բանվորների տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հասարակական մի քանի շենքերը / Ախթալայում 2 ակումբ, ճոպանուղի, հանրային զուգարան,քաղաքի կոյուղաջրերի մաքրման կայան եւ Շամլուղում ` հիվանդանոց , մանկապարտեզ,ակումբ/ եւ որ զարմանալի է, Ախթալայի ու Շամլուղի բաշխիչ էլ.ցանցերը պատկանում են «Ախթալայի ԼՀԿ»-ին, որտեղ ԼՀԿ- ն ոչ մի ներդրում չի կատարում, գտնվում են անմխիթար վիճակում եւ չեն ծառայում մեր երկու համայնքների բնակչությանը:

9.Ախթալայի զարդը համարվող հայտնի Արամյանցի դղյակը, 2005 թվականին ընդամենը 1.200.000 դրամով դարձել է «Ախթալայի ԼՀԿ»-ի սեփականությունը` պայմանով, որ առնվազն 15 տարի այն պետք է ծառայի որպես տուրիստական հանգրվան, ստեղծելով աշխատատեղեր եւ նպաստելով տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը:

Արդեն անցել է 7 տարի, բայց միայն Սերոբ Դեր-Բողոսսյանի մոր եւ հոր հիշատակի հուշարձանն է կանգնեցվել եւ սեփական տուն է կառուցվել` առանց օրինական հիմքերի:

Այս ամենի արդյունքում, չնայած Ախթալայի ԼՀԿ-ն անցած տարի ունեցել է մոտ 6.5 մլրդ դրամի հասույթ, Ախթալա եւ Շամլուղ քաղաքների բնակչության այն մասը , որը աշխատում են ֆաբրիկայում եւ հանքերում, մեծ մասամբ կքված են վարկերի բեռի տակ ,որոնցով փակում են խանութներում իրենց պարտքերը, ստիպված արտագաղթվում են Հայաստանից , որպեսզի ապահովեն ընտանիքի գոյապահպանությունը:

Ախթալայի եւ Շամլուղի բնակիչները հնարավորություն չունեն լիարժեք օգտվելու ակումբներից, հասարակական նշանակության այլ օբյեկտներից:

Դիմելով Ձեզ, ակնկալում ենք, որ համապատասխան իրավասու մարմինների միջոցով լուծում կտրվի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի մի քանի հարյուր աշխատակիցներին մտահոգող հարցերին , անկախ ստորագրել կամ չստորագրելու հանգամանքից:

Մեծարգո պարոն նախագահ, հավատացած ենք, որ մեր հուզող հարցերին լուծում կտրվի, եւ մենք երբեք չենք լքի մեզ համար շատ հարազատ մեր պապենական հողը: