Հնարավոր չէ միանշանակ ասել, թե Ֆրանսիայի հայ համայնքն ում է ընտրելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոն Ալպի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:

«Հայ համայնքն արդեն իսկ կանխորոշված թեկնածուներ ունի, ինչպես ֆրանսիացիները: Այսինքն, հայ համայնքի քաղաքացիական իրականությունը չի տարբերվում ֆրանսիական հասարակության իրականությունից: Թե աջ քվեարկողներ կան` Նիկոլա Սարկոզիի օգտին, թե ձախ քվեարկողներ` Ֆրանսուա Օլանդին: Եւ կա շատ փոքր մի հատված, որ անորոշ կեցվածք ունի, որը կարող է վերջին օրվա տրամադրությամբ քվեարկել: Հնարավոր չէ տոկոսներ նշել: Իսկապես սա շատ լուրջ խնդիր է»,- նշեց ֆրանսահայ գործիչը:

Վերջինիս կարծիքով, ցեղասպանությունների ժխտման օրինագծից հետո կարծիք ձեւավորվեց, թե համայնքի ձայները կանցնեն Նիկոլա Սարկոզիին, եթե նախագահին հաջողվի իրականացնել ցեղսպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Սա լուրջ չէ, որովհետեւ հայ համայնքը արդեն հստակ դիրքորոշում ունի` աջ կամ ձախ»,- նկատեց Չոբոյանը:

Հարցին, հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուց հետո լինեն հայեր, որ քվեարկեն Սարկոզիի օգտին, Հիլդա Չոբոյանը պատասխանեց. «Հայեր կան, որ Սարկոզիին պիտի քվեարկեին այս կամ այն պատճառով, այսինքն որպես քաղաքացի իրենց վերաբերմունքը արտահայտեին: Եթե օրինագիծն ընդունվի եւ Սարկոզիին հաջողվի վավերացնել օրենքը, այդ պարագայում հնարավոր է, որ համայնքի անորոշ հատվածը նրա օգտին քվեարկի` գումարվելով իր օգտին քվեարկողներին»: