Ախուրյան գետի ափամերձ տարածքում, հունվարի 20-ին, հայտնաբերված եւ նախնական վարկածի համաձայն, հայրական տնից դուրս եկած ու ցրտահարությունից մահացած 22-ամյա Կիմա Պողոսյանի մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել, քրեական գործ էլ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրիի ոստիկանության քննչական վարչության պետ Կարուշ Թովմասյանը, հավելելով, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեպքի առթիվ դեռեւս նյութեր են նախապատրաստվում: «Այս պահի դրությամբ, դատաքննության, փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել նյութերի նախապատրաստումը շարունակվում է»,-ասաց նա:
Հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, թե հայրական տնից դուրս գալուց առաջ, Կիման վիճաբանել է տան անդամների հետ, նա պատասխանեց. «Այս պահին դա նախաքննության գաղտնիք է եւ մանրամասները հաղորդելու իրավունք չունեմ: Դա ընտանեկան հարցրեր են, նյութեր են նախապատրաստվում, երբ պարզվեց, Ձեզ տեղյակ կպահենք: Դա նեղ ընտանեկան հարց է, ավելին` մարդ է մահացել եւ հետագա անախորժություններից խուսափելու համար չճշտված տեղեկատվությունը հրապարակելը ճիշտ չի լինի»:
Իսկ ահա Աշոցքի նախկին վարչական շրջանի Մուսայելյան գյուղի գյուղապետ Կարեն Վարդանյանը նշեց, որ իսկապես, գյուղում նման վարկած շրջանառվում է: Նշենք, որ Կիմա Պողոսյանը 3տարի առաջ Գյումրիից Մուսայելյան գյուղ հարս է գնացել: Գյուղապետը մեջբերելով տարածված խոսակցությունները պատմեց, որ հունվարի 19-ին Կիման ամուսնու հետ եկել է Գյումրի` հայրական տուն, սակայն կարճ ժամանակ անց, տնեցիների հետ ունեցած վիճաբանությունից հետո, առանց զգուշացնելու տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Մուսայելյանի գյուղապետի ներկայացմամբ, Կիմա Պողոսյանն ունի 2 մանկահասակ դուստր` որոնց մեկը 1 տարեկան է, մյուսը` 2: Երեխաները մնում են հոր մոտ: Կիման հարս է գնացել մեծ ընտանիք. ամուսնու տանը բնակվել են նաեւ սկեսուրը, սկեսրայրը եւ Կիմայի ամուսնու տատիկը:
Գյուղապետի փոխանցմամբ, սոցիալական կարգավիճակը միջինից ցածր է եւ բոլորը գործազուրկ են: Նրանց ապրուստի միակ միջոցը մի քանի անասունն է: Գյուղապետը վստահ է, որ եթե նույնիսկ ճիշտ են վիճաբանության մասին խոսակցությունները, Կիմայի ամուսինը չէր կարող առնչություն ունենալ դրան, քանի որ չափից դուրս համեստ անձնավորություն է: «Նորմալ, կարգին, խելքը գլխին ընտանիք են: Շատ հաճախակի եմ մտել իրենց տուն, բայց ոչ մի անգամ արտառոց բաներ չեմ նկատել: Կիման էլ գյուղի նոր հարս էր, նրա կողմից էլ ագրեսիա չեմ նկատել: Երբեւէ չեմ լսել, որ ամուսնու կամ սկեսուրի հետ կապված վեճ ծագած լինի: Նրանք ամուսնու հետ տարաձայնույթուններ չեն ունեցել», ընդգծեց գյուղապետը:
Հարցին, թե ներկա պահին Կիմայի ծնողների եւ նրա ամուսնու ծնողների մեջ հարաբերություններն ինչպիսի՞ն են, գյուղապետն արձագանքեց, որ հուղարկավորության եւ դրան հաջորդելիք արարողությունների ժամանակ է նրանց տեսել եւ շա նորմալ հարաբերություններ են եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մեկ օր շարունակ փնտրտուքներից հետո «Վիվասել» ընկերության տեխնիկական աջակցությամբ, Կիմայի մոտ եղած բջջային հեռախոսի օգնությամբ, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դին հայրական տնից երկու կիլոմետր հեռավորության վրա: Նրա զարդերը գողացված չեն եղել, բռնության հետքեր եւս չեն արձանագրվել:




























